Եվրատեսիլը կորցնում է լրջությունը և դառնում ծաղրածուների մրցույթ, բայց Հայաստանը չպետք է հրաժարվի մասնակցությունից. կարծիքներ

12:31 • 25.11.13

«Եվրատեսիլ» երգի մրցույթը ակնհայտորեն կորցնում է իր լրջությունը և երգի մրցույթից դառնում ծաղրածուների մրցույթ, ասում է հաղորդավարուհի և երգչուհի Ջուսը, իսկ Սիլվա Հակոբյանի հայր և պրոդյուսեր Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ այն վերածվում ֆինանսական մրցավազքի: Այնուհանդերձ նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է մասնակցի այս միջազգային մրցույթին։

 

Tert.am-ի հետ զրույցում ռեփեր ՀՏ Հայկոն հրաժարվեց պատասխանել մեր հարցին, թե եվրոպական որոշ երկրների օրինակով Հայաստանը արդյո՞ք ևս պետք է հրաժարվի «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցությունից՝ ինչպես Խորվաթիան, Սերբիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը՝ պայմանավորված հիմնականում մրցութային մեծ ծախսերով։

 

«Կարելի՞ է իմ կարծիքը չհայտնեմ, ի՞նչ կլինի։ «Եվրատեսիլն»  ինձ հետաքրքիր չի, առհասարակ չեմ հետևում»,-ասաց նա։

 

Մինչդեռ Հակոբ Հակոբյանը պնդեց, թե «Եվրատեսիլը» երգի ասպարեզում միակ հնարավորությունն է, որտեղ Հայաստանը կարող է ներկայացնել իր արվեստն ու մշակույթը։

 

«Մենք ինչքա՞ն ենք մնալու այս փոսի մեջ։ Ինչքան էլ որ ինքը որակազրկված լինի, բոլոր մեծ ու առաջադեմ եվրոպական երկրները այդ գաղափարի մեջ են»,-ասաց նա։

 

Հակոբ Հակոբյանն իհարկե տեղյակ էր, որ այս տարի երգի մրցույթին նաև տրանսվիստիտ է մասնակցելու, ինչը բավականին լայն հնչեղություն էր ստացել Հայաստանում, բայց ըստ նրա՝ դա տվյալ երկրի խնդիրն է։

 

«Շատերը իրանց են ցույց տալիս, կան երկրներ, որ իրենց համար մեկ է, ով կմասնակցի։ Ինքը իհարկե գնալով մտնում է քաղաքականություն, հարևանություն, բայց համենայն դեպս կա՞ ուրիշ տեղ, որ մենք մեր մշակույթն ու արվեստը ներկայացնենք: Երգի բնագավառում այդպիսի մեծ միջոցառումներ չկան»,-ասաց նա։

 

Երգչուհու պրոդյուսերը նաև կասկածում է, որ մրցույթն արդար է, բայց դա էլ, ըստ նրա, չպետք է հետ պահի Հայաստանին մասնակցությունից։ «Մենք փոքր երկիր ենք, իհարկե մեծ երկրները մեծ գումարներին են անցել, երկրներ կան, որ շատ մեծ ծախսեր են արել այս մրցույթի վրա, ինչպես Ադրբեջանը, բայց միակ բանն այն է, որ մենք կարող ենք մի տեղ ցույց տալ, որ մենք կանք, այդ պատճառով միայն կարելի է մասնակցել»,-նշեց նա։



Երգչուհի Ջուսն էլ դեմ չէ Հայաստանի մասնակցությանը, բայց մի պայմանով, որ վառ ելույթ լինի, իսկ դրա համար էլ մեծ գումարներ են պետք, որը որ Հայաստանը չունի։

 

«Լավ կլիներ, որ մասնակցեր Հայաստանը, ուղղակի շատ մեծ փողեր են պետք, որ Հայաստանի վրա ուշադրություն դարձնեն։ 300 000 դոլար, 500 000 դոլարը շատ քիչ է, միլիոններ են պետք, որ երկիրը լավ երգ ունենա: Բացի դրանից, մեծ փարթի պետք է անել այստեղ, բոլոր երկրները անում են փարթի, Հայաստանը չի անում, կամ եթե անում է, նենց պուճուրիկ-մուճուրիկ ա անում, որ ոչ մեկ չի էլ նկատում։ Մենք ունենք շատ մեծ խնդիրներ, որ կարող ենք այդ գումարները դրանց վրա ծախսել, իսկ «Եվրատեսիլն» այնպիսի երկրների համար է, որոնք ֆինանսական կամ տնտեսական խնդիրներ քիչ ունեն։ Մեր խնդիրները շատ են, մենք դեռ հետ ենք»,-ասաց նա, սակայն պնդեց, որ երկրի PR-ի համար չպետք է հրաժարվել։

 

«Իհարկե արդար չի, Ադրբեջանի կողմից էլ ակնհայտ կաշառք կար, բայց հրաժարվելը չգիտեմ ինչքանով է ճիշտ. գոնե վառ ելույթ պետք է ունենալ։ Բացառված է առաջին, երկրորդ, երրորդ տեղը, բայց եթե մասնակցել, ապա գոնե վառ ձևով, որ մարդիկ նկատեն, խոսեն, ասեն, որ շատ լավ համար էր»,-նշեց նա։

 

Ինչ վերաբերվում է տրանսվիստիտի մասնակցությանը, Ջուսը նկատեց, թե այդ նույն տրանսվիստիտը արդեն վաղուց մասնակցել է մրցույթին՝ «Viva La Vida» հայտնի երգով. «Այն ժամանակ եսիմ ինչ աղմուկ չի եղել, հիմա ինքը նույնն ա, ուղղակի մորուքով, դրա համար է աղմուկ բարձրացել»:

 

«Ինձ թվում է, եթե նախկինում հստակ էր, որ երգի կոնկուրս է, հիմա դառնում է ծաղրածու կոնկուրս։ Օրինակ Վերկա Սերդյուչկան, որ գնաց ու երկրորդ տեղը գրավեց, շատ ծիծաղելի էր։ Իրոք լրջությունը մրցույթը կորցնում է, բայց պետք է ուղղակի մասնակցել, ցույց տալու, որ մեր երկիրը կա»,-ասաց նա և հավատացրեց, որ դրսում շատերը չգիտեն Հայաստանի գոյության մասին, և դա լավ առիթ է։

 

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում վերջին օրերին ակտիվացել են քննարկումները, որ եվրոպական որոշ երկրների օրինակով Հայաստանը ևս պետք է հրաժարվի «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցությունից։ Մինչդեռ Tert.am-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի պատասխանատու Աննա Ավանեսյանը նշել էր, որ հրաժարվելու որոշում չկա ընդհանրապես, և նման հարց չի քննարկվել:

 

«Մասնակցությունը մեզ տալիս է Եվրոպայի հեռարձակողների միության անդամ լինելու առավելություններից մեկը: Եվ այս մրցույթին տարիներ շարունակ Հանրայինը մասնակցել է, և դա կարևոր իրադարձություն է եղել մեր երկրի երաժշտական կյանքում: Գոնե՝ «փոփ» երաժշտության ոլորտում»,-նշել էր նա: