Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացել է դասական երաժշտության համերգ-դասախոսություն

12:35 • 25.11.13

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում նոյեմբերի 23-ին կայացել է դասական երաժշտության համերգ-դասախոսություն, այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը։


Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանի հայ երաժիշտների միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:


Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղեր էին զբաղեցրել տարբեր ազգերի երաժիշտներ, օպերային երգչուհի-երգիչներ, դասական երաժշտության մասնագետներ:


Երեկոն նաև ստեղծագործական էր, քանզի այն ընթացավ հայտնի դաշնակահար, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական երաժշտանոցի պրոֆեսոր Վիտալի Քամալովի դաշնամուրային նվագակցության ներքո:


Բացելով համերգը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Գրիգորենցը բարձրաձայնել է Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և ափսոսանքը, որ գտնվելով Ախալքալաքում եկեղեցու օծման արարողությանը, չի կարող ներկա գտնվել միջոցառմանը և հղում է իր բարեմաղթանքները:


Համերգ-դասախոսությունն ընթացել է միջոցառման վարողներ Վերոնիկա Մանուկյան-Իաշվիլու և Արտեմ Գրիգորենցի կողմից դասական երաժշտության աստղերի, նրանց ստեղծագործությունների և օպերաների լիբրետոների հանգամանալից և բարձրարժեք մեկնաբանություններով:


Համերգ-դասախոսությունն ուղեկցվել է օպերային մեծավարպետ երգիչներ Լեյլա Գոցիրիձեի, Գիորգի Գաբիլաիայի, Թենգիզ Ջանգավաձեի կողմից Վերդի Պուչինիի, Պիետրո Մասկանիի, Շուբերտի, Կալդարեի օպերաներից արիաների, Պյոտր Չայկովսկու և Դմիտրի Արաղիշվիլու ռոմանսների կատարումներով:


Ելույթ է ունեցել նաև երիտասարդ կատարող Հովհաննես Շահնազարյան:
Միջոցառման կազմակերպիչներին և բոլոր ելույթ ունեցողներին գոհունակության և շնորհակալության խոսքեր են ուղղել «Ամագդարի» հիմնադրամի նախագահ Վախուշտի Ղիզիղուրաշվիլին, Վրաստանի մշակույթի նախարարության մասնագետ Յուրի Մեչիտովը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը:


Առաջարկություն է արվել նման միջոցառումները կենտրոնում դարձնել շարունակական: