Իսրայելում հնագետները 4000 տարվա գինի են հայտնաբերել
Իսրայելի հյուսիսում պալատային համալիրի մի քանի տարվա պեղումներից հետո Հայֆայի համալսարանի հնագետներին հաջողվել է գտնել խնջույքների սրահը և գինու մառանը՝ 40 սափորներով, որոնցում պահվել է 2000 լիտր գինի, գրում է «Комсомольская правда»-ն։
Գինին պատրաստվել է մ.թ.ա. 18-րդ դարում։ Այն, իհարկե, այսքան դարերի ընթացքում չորացել է։ Սափորներում, պեղումների ղեկավար Ասաֆ Յասուր Լանդաուի խոսքով, գինու նստվածք է, որի օգնությամբ գիտնականները կկարողանան պարզել հին գինեգործների բաղադրատոմսերը։
Սրահի հարևանությամբ հայտնաբերված կենդանիների ոսկորների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ այնտեղ հավաքվել է մոտ 500 մարդ։ Պալատում եղել են նաև ավելի փոքր սենյակներ, որտեղ հավաքվել են քիչ թվով հյուրեր։
Գիտնականները կարծում են, որ հնագույն ժամանակներում ոչ միայն իրադարձություններ են տոնել, այլև քաղաքական միություններ կազմել։










