Ես նրան չեմ սպանել, նա ինքն է իրեն սպանել. Մայքլ Ջեքսոնի նախկին բժիշկ
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի նախկին բժիշկ Քոնրադ Մյուրեյը 3 շաբաթ առաջ դուրս է եկել բանտից, որտեղ անցկացրել է 4 տարի՝ երգչի չկանխամտածված սպանության համար, գրում է «Комсомольская правда»-ն։
Նա վստահեցնում է, որ Մայքլն ինքն իրեն է ներարկել պրոպոֆոլ տեսակի դեղամիջոց սեփական պաշարներից։ Քոնրադի խոսքով՝ երգիչն իրեն վերաբերվել է որպես ընտանիքի անդամի։ Բժիշկը վստահեցնում է, որ իրենք սիրում էին միմյանց ինչպես եղբայրներ։
Ջեքսոնը չէր վստահում ոչ ոքի։ Իր ննջասենյակից տհաճ հոտ էր գալիս, քանի որ նա այնտեղ չէր թողնում նույնիսկ սպասուհուն։
«Ես երբեք Ջեքսոնին չեմ տվել այնպիսի բան, որը կարող էր սպանել նրան։ Ես սիրում էի նրան։ Ես հիմա էլ սիրում եմ նրան ու կսիրեմ միշտ»,- ասել է Մյուրեյը։
Ջեքսոնն ունեցել է պրոպոֆոլ, որն անվանել է «կաթ»։ Մյուրեյը վստահեցնում է, որ փորձել է ամեն կերպ համոզել նրան հրաժարվել այդ դեղից, սակայն ապարդյուն։ Բժիշկը նշել է, որ վերջին 3 ամիսների ընթացքում իջեցրել է դեղի չափաբաժինը և նրա մահից 3 օր առաջ դադարեցրել ներարկումը, թեև երգիչը խնդրել է՝ ասելով, որ չի կարողանում ոչ քնել, ոչ մտածել։
Այդ ողբերգական օրը՝ 2009թ. հունիսի 27-ին, Ջեքսոնը վերադարձել է փորձերից և աղաչել նրան «կաթ» տալ, որպեսզի քնի։ Մյուրեյը վստահեցնում է, որ վերջիվերջո շատ փոքրիկ չափաբաժին է ներարկել և հեռացել, երբ նա քնել է։ Որոշ ժամանակ անց Մայքլն արթնացել է և ինքն իրեն հսկայական չափաբաժին ներարկել։ Ներարկումը շատ արագ է արել, ինչին սիրտը չի դիմացել։










