Բրիտանացի զույգը Հենրի 8-րդի որմնանկարում սատանայի թաքնված դեմք է հայտնաբերել
Բրիտանացի ամուսիններ Էնջի ու Ռոդրի Փաուելները մի քանի տարի առաջ իրենց տունը վերանորոգելու ժամանակ հայտնաբերել են Հենրի 8-րդ արքային պատկերող որմնանկար։ Սակայն այժմ այն ավելի ուշադիր զննելուց հետո նրանք պարզել են, որ միապետին ներկայացնող որմնանկարում քողարկված կերպով ներկայացված է նաև սատանայի դեմքը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, սատանայի դեմքը տեսնելու համար հարկավոր է որմնանկարը գլխիվայր շրջել ու այդպես նայել։ Միայն այդ դեպքում հնարավոր է տեսնել դիվային եղջյուրներն ու աչքերը։
1.8 մ բարձրություն և 6 մ լայնություն ունեցող որմնանկարը ստեղծվել է 1530-40-ական թվականներին, սակայն դրա հեղինակն անհայտ է։ Փորձագետների կարծիքով՝ որմնանկարի հեղինակն անհաջող կատակ է արել կամ էլ ցանկացել է միապետին այլ տեսանկյունից ներկայացնել՝ թաքնված «մեսիջ» հղելով։












