Քանդակել եմ այն, ինչ պահանջել են. Լ. Թոքմաջյանը Ֆլորա Մարտիրոսյանի արձանի դժգոհությունների մասին
Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մարմարե արձանի շուրջ բարձրացած աղմուկն ու հարազատների դժգոհությունները արձանի հեղինակ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը անհասկանալի է համարում, քանի որ ինքը քանդակել է այնպիսի կիսանդրի, ինչպիսին իրենից պահանջել են։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քանդակագործը նշեց, որ դեռ ավելին, ինքը նախապես իրեն հատուկ ոճով այլ տարբերակ է ընտանիքին առաջարկել, որտեղ երգչուհին երգում է, իսկ քարն էլ մարմար չէ և գույներն ու երանգները հնարավոր է ներկայացնել։
Լևոն Թոքմաջյանը նկատեց, որ նախ երգչուհու քրոջ ընտանիքին է եղել պատվիրատուն, որը հետագայում փոխվել է, և ամուսինն է Միացյալ Նահանգներից խառնվել՝ պահանջելով լուսանկարային տարբերակ։
«Մինչև վերջնական տարբերակը, որն իրենք հավանություն էին տվել, գիտեք քանի անգամ եմ կավով տարբերակներ առաջարկել, սարքել-քանդել, սարքել-քանդել։ Առաջին տարբերակը երգելուց էր, բայց այնտեղից ասացին չէ։ Այնպիսի առաջարկներ էի անում, որ զարմանալ կարելի էր, օրինակ՝ ասում էին գան քարին ձեռք տան, միջից Ֆլորայի երգը լսեն. ասում էի, կներք բայց դա քանդակագործի հետ կապ չունի։ Ի վերջո պահանջեցին լուսանկարային տարբերակը»,- ասաց նա։
Այնուհետև Լևոն Թոքմաջյանն անցավ մարմարի տարբերակին, և նշեց, որ ինքը Ֆլորային տեսնում է գույների ու երանգների մեջ, բայց մարմարը այդ գույները չի արտահայտում և ինքը ստիպված է եղել աշխատել լույսի ու ստվերի միջոցով։
«Սպիտակ մարմարից ես գույն չէի կարող ստեղծել, բայց ամեն դեպքում քանդակում սիմվոլիկա եմ դրել, պոեզիա, իր լավատեսությունը ծիծաղում ցույց տվել»,-ասաց նա և նշեց, որ ինքը գոհ է իր աշխատանքից։
«Անկեղծությամբ եմ ասում, իհարկե, գոհ եմ, իր ժպտերեսությունը, պայծառությունը, լավատեսությունը, ամեն ինչը կա քանդակում, այդ ինչպես մյուսները տեսնում են, իսկ մի մասը չի տեսնում դա»,- ասաց քանդակագործը։
Լևոն Թոքմաջյանը հիշեցրեց, որ սա մահարձան է և նորմալ չէ, որ արձանը քննարկումների են դնում Ֆեյսբուքում։
«Մի ընտանիքի քմահաճույքն է, և եթե դեմ էին, ինչո՞ւ եկան սեպտեմբերին հավանեցին ու տարան։ Երեք ամիս քանդակը գտնվում էր քաղաքային պանթեոնում, շիրիմի մի վրա, ոչ մի բան չի եղել։ Բայց այսօր գալիս են նման բան ասում, հետո էլ կարծես ընտանիքում իրարամերժ տեսակետներ կային, քրոջ ընտանիքը և ամուսնու»,– ընդգծեց նա։
Քանդակագործի խոսքով՝ Ֆլորա Մարտիրոսյանի քրոջ ընտանիքն ասում էր, որ ազատ կարող է աշխատել, հետո արդեն ամուսինը լուսանկար տարբերակը պահանջեց , որն իր կողմից, թեև անընդունելի է եղել, բայց ամեն դեպքում կատարել է պահանջը։
«Հիմա ամուսինն ասում է սա Ֆլորան չի ու էլ չգիտեմ ինչ։ Օվկիանոսից այն կողմ, ինձ դասեր է տալիս, մի արվեստագետի, որ աշխարհի քանի երկրներում է արձան կանգնեցրել։ Միթե՞ սա հիշատակի պղծում չէ, միթե՞ նրանց համար արժեք չունի։ Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի ստանամ Ֆլորայի մոնումենտալ պատկերը, էությունը, բայց չեմ հասկանում ընտանեկան տարաձայնություններ են կամ դրդման մեթոդ կա, չար լեզու։ Կարծում եմ՝ այս աշխատանքն արժանի է գնահատման»,- ասաց նա։
Նշենք, որ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը հայտարարել էր, որ արձանը նման չէ իր կնոջը և դժգոհել, որ քանդակագործը իրենց պայմանավորվածությունը խախտել է. նախապես պետք է մի կտորից ու ամբողջական քանդակ լիներ, իսկ երկու կտոր է եղել՝ այն էլ կիսանդրի։ Նրանք նաև նշել էին, թե Լևոն Թոքմաջյանը նախնական գումարից բացի հավելյալ գումար է պահանջել։
«Դա տհասության արդյունք է, չգիտեն ինչ են ուզում։ Ես նախնական նշված գումարից մի կոպեկ ավել չեմ ուզել, նույնիսկ կոպեկներ են մնացել ինձ, քարն եմ ընտրել վճարել, հղկելու համար մասնագետներ բերել և այն։ Ինչ վերաբերում է ամբողջական լինելուն, ապա այդպիսի բան չկա, մենք պայմանավորել էինք բյուստ, հետո էլ երկու կտոր եմ օգտագործել, քանի որ հասկացա, որ Ֆլորայի ծավալները չեն տեղավորվում մի կտոր քարի մեջ, հնարավոր չէր, ես ասացի, որ երկու կտորից եմ անելու»,-ասաց նա և հաստատեց ամուսնու խոսքը, որ 10 000 դոլար է գնահատել քանդակը և այդքան էլ ստացել։
Քանդակագործն ասաց, որ հիասթափված է, այլևս նման պատվերներ չի ընդունի։ «Երբ իմացա , որ պատվիրատուն փոխվում է ուզեցի հրաժարվել, մանավանդ պահանջներ դնելուց հետո, բայց հետո համոզեցին։ Երևի, պետք է սկզբունքորեն կանգնեի–ասեի՝ կա՛մ սա, կա՛մ չեմ անում»,-եզրափակեց նա։










