Հարի Փոթերի վաղ տարիների մասին ներկայացում կբեմադրվի
Գրող Ջոան Ռոուլինգը, որը Հարի Փոթերի մասին գրքերի շարք է ստեղծել, կդառնա իր հերոսի վաղ մանկության մասին թատերական բեմադրության պրոդյուսերը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին: Ներկայացման պրեմիերան կկայանա Լոնդոնում 2015 թվականին: Թե որ թատրոնում այն կբեմադրվի, դեռ հայտնի չէ:
Բեմադրությունը կպատմի Հարի Փոթերի կյանքի այն ժամանակվա մասին, երբ նա ապրում էր իր քեռու և մորաքրոջ ընտանիքում, որբ էր և մերժված՝ մինչ այն ժամանակը, երբ նա հայտնվեց կախարդության և մոգության Հոգվարդս դպրոցում: Ռոուլինգը հայտարարել է, որ ինքը չի գրի պիեսը, սակայն ողջունում է դրա գաղափարը: Բեմադրության համար սցենարիստ դեռ չի գտնվել:
Ռոուլինգի հետ ներկայացման պրոդյուսերներ կլինեն Սոնյա Ֆրիդմանը և Քոլին Քալենդերը: Ռոուլինգը նշել է, որ նա բազմիցս Հարի Փոթերի մասին պատմությունը բեմադրելու առաջարկներ է ստացել, սակայն Ֆրիդմանի և Քալենդերի ծրագիրն առաջինն է եղել, որ հետաքրքրել է նրան:










