Բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ և համերգ՝ սիրիահայերի աջակցության նպատակով
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 20-ին անցկացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցել են շուրջ 40 սիրիահայ, այս մասին տեղեկացնում է Սփյուռքի նախարարությունը:
Ցուցահանդեսին ներկայացված են եղել սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք: Ցուցահանդեսից հետո կայացել է «Նոր կյանքին ընդառաջ…» խորագրով բարեգործական համերգ` սիրիահայ և հայաստանցի սիրված արվեստագետների մասնակցությամբ:
Համերգին հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գաբրիել Երանյանի, Աշոտ Սաթյանի, գուսան Հայկազունի, սիրիահայ երգահան Սարգիս Ադամյանի ստեղծագործությունները՝ Հովհաննես Մուբայեդի ղեկավարած դասական քառյակի, Շուշան Պետրոսյանի, Արման Նշանյանի, սիրիահայեր Ցոլեր Կարագուլյանի, Արաքս Մահտեսյանի, Մարի Արաբաջյանի, Սարգիս Թուֆենկչյանի, «Հայկազունք» և «Զանգակներ» համույթների, «Շառավիղ» մանկական երգչախմբի կատարմամբ:
Մասնակիցները հանդես են եկել պարային և ասմունքային կատարումներով: Բարեգործական համերգից և ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի կառուցման հիմնադրամին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով Սփյուռքի մայր համայնքից պատերազմի հետևանքով Հայրենիք վերադարձած և Հայրենիքում իրենց ստեղծագործական և աշխատանքային առաջին քայլերն անող սիրիահայերին, նշել է հայաստանյան հասարակությանը նրանց ինտեգրվելու անհրաժեշտությունը:
Նախարարը նաև ասել է, որ վերջիններս աչքի են ընկնում որպես բարեխիղճ և լավ աշխատողներ բոլոր ոլորտներում:
Միջոցառման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով խրախուսել է համերգի մասնակից սիրիահայ ստեղծագործական խմբերին և անհատներին:
Սա թվով երրորդ համերգն է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է Հայաստանում հաստատված սիրիահայերի համար: Առաջին համերգը կազմակերպվել է 2012 թվականի հոկտեմբերին, երկրորդը` 2013 թվականի մայիսին:










