Գարեգին Նժդեհին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել
Ռազմական, քաղաքական և պետական գործիչ, մեծ փիլիսոփա, հայ ազգի ականավոր զավակ Գարեգին Նժդեհի մահվան օրվա կապակցությամբ այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն օրվա կապակցությամբ կազմակերպել է հուշ-ցերեկույթ, այս մասին տեղեկացնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից:
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը ողջունել է փաստը, որ նման միջոցառումներն անցկացվում են հենց երիտասարդների նախաձեռնությամբ, քանի որ նժդեհյան ուսմունքը՝ ցեղակրոնությունն ու տարոնականությունը, նախևառաջ միտված է երիտասարդությանը։
Նա նշել է, որ մեր մեծերի մահվան օրը պետք է դառնա նրանց անցած ուղու վերարժևորման, նրանց ավանդին ծանոթանալու օր։
«Գարեգին Նժդեհն ի զորու եղավ գիտակցական ողջ կյանքում իմի բերել և ամբողջացնել իրենից առաջ եղած մեր նախնիների հայոց ազգային արժեհամակարգը և մեզ ներկայացնել պատրաստի աշխարհայացքային տեսքով»,- նշել է Ավագ Հարությունյանը։
Նա նաև ասել է, որ Նժդեհի գաղափարները փորձարկվել են իրական կյանքում, և դրանց ճշմարտացիությունն ապացուցվել է ռազմի դաշտում։ Նա նաև հորդորել է երիտասարդներին կյանքում որպես ուղենիշ ընտրել մեր մեծերի ուսմունքները։
Ըստ «Մայր Հայաստան» թանգարանի տնօրենի՝ Նժդեհի ուսմունքն ու խոսքերը դասեր են, որոնց պետք է հետևի հայ երիտասարդությունը։
Երգիչ Արսեն Համբարյանը կատարել է սպարապետ Նժդեհին նվիրված երգեր։ Նա խորհրդանշական է համարել Նժդեհի մահվան օրը, քանի որ դեկտեմբերի 21-ն արևադարձի օրն է, որից հետո Արևը վերածնվում է։
«Պատահական չէ նաև նրա մահվան ձևը։ Սպարապետը մահից առաջ խնդրեց իրեն Երևանի բանտից տեղափոխել մեկ այլ երկրի բանտ, որպեսզի Երևանում չկնքի իր մահկանացուն և Հայաստանում անազատության մեջ մահանալու խարանը չթողնի իր հայրենիքի վրա»,- նշել է Արսեն Համբարյանը։
Միջոցառման ընթացքում հնչել են Գ. Նժդեհի կյանքի և գործունեության, ցեղակրոն ուսմունքի, բանտային տարիների վերաբերյալ զեկույցներ։ Ներկաները դիտել են նաև վավերագրական ֆիլմ՝ նվիրված մեծ հայորդուն։










