Բոննում հնագույն մայաների լեզվի մասին տվյալների բազա կստեղծվի
Բոննի (Գերմանիա) համալսարանի գիտնականներն աշխատում են մայաների լեզվի տվյալների բազայի ստեղծման ուղղությամբ, որը 2014թ. հասանելի կլինի համացանցում։
Ինչպես նշվում է բուհի կայքում, հնագույն քաղաքակրթության դասական լեզվի մեծ բացատրական բառարանի, ինչպես նաև ցանցային արխիվի ստեղծումը նախագծի գլխավոր նպատակներն են, որը նախատեսված է 15 տարով։ Բացի այդ, գիտնականները կկազմեն մայաների լեզվի քերականության ստանդարտ դասագիրք, հայտնում է Deutsche Welle-ն։
Հնագույն քաղաքակրթությունը Լատինական Ամերիկայում գոյատևել է 1800 տարի։ Մինչ մեր օրերն են հասել, ըստ գիտնականների տվյալների, հիերոգլիֆներով մոտ 8 հազ. տեքստեր։ Ընդհանուր առմամբ, գիտնականները հաշվել են մոտ 900 առանձին նշան, որոնք օգտագործվել են գրերում։ Նրանց հաջողվել է բացահայտել այդ նշաններից 500-ը։
Բոննի գիտնականները մտադիր են տվյալների բազայում տեղադրել բոլոր հայտնի սալիկների լուսանկարները, ինչպես նաև այլ մինչ օրս պահպանված տեքստեր։ Հետագա ուսումնասիրությունները կանցկացվեն հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ։ Բառարանի 3 հատորով տպագիր տարբերակը կհրապարակվի նախագծի ավարտից հետո։










