Sotheby’s-ում վաճառված չինական գեղագրության նմուշը կեղծ են համարել
«Գուն Ֆու Տե» գեղագրության նմուշը, որը վաճառվել է Sotheby’s-ի նյույորքյան աճուրդի ընթացքում 2013 թվականի սեպտեմբերին և վերագրվում է Սուն դինաստիայի դարաշրջանի պոետ Սու Շիին, կրկնօրինակ են անվանել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The New York Times թերթի բլոգին:
«Գուն Ֆու Տե» աշխատանքը ձեռք է բերել Շանհայից գործարար և հավաքորդ Լյու Իցյանը՝ 8,2 միլիոն դոլարով: Նա պատրաստվում էր ցուցադրել ձեռք բերած գեղագրության նմուշը Շանհայում իր անձնական պատկերասրահում և պատվիրել էր Շանհայի պետական թանգարանի մասնագետների մոտ լրացուցիչ փորձաքննություն:
Աշխատանքն ուսումնասիրողները հայտարարել են, որ այն կեղծ է: Նրանց խոսքերով՝ գեղագրության նմուշը ստեղծվել է 1820-ից 1871 թվականն ընկած ժամանակահատվածում, և հնարավոր է՝ պատճենվել է անգամ Սու Շիի ոչ օրիգինալ աշխատանքից:
Sotheby’s աճուրդի տունը հերքում է, թե նկարը կեղծ պատճեն է, և պնդում է նոր մասնագետների ներգրավմամբ հետաքննություն: Հավաքորդը, իր հերթին, նշել է, որ նա պատրաստ է անցկացնել ևս մի անկախ փորձաքննություն:










