«Ուզունդարա» պարը չի կարող լինել ադրբեջանական. Գագիկ Գինոսյան

21:00 • 24.12.13

«Ուզունդարա» պարել են Արևելյան Հայաստանում, որի ձևավորման վրա առկա է կովկասյան պարերի ազդեցությունը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կարին» համույթի հիմնադիր ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվական կայքերից Apa.az-ում տեղի գտած այն հրապարակմանը, թե Հեղինակային իրավունքի հարցերով ադրբեջանական գործակալությունը վրդովմունք է հայտնել, որ իրենց ազգային պար «Ուզունդերեն» վերջերս Ռուսաստանի «Առաջին ալիքով» ներկայացվել է որպես հայկական: 

 

Գագիկ Գինոսյանը նշեց, որ պարի անունը պարսկերեն է և կոչվում է երկար ձոր:

 

«Այս պարն իր ծագմամբ նման է Կինտոների պարին, որը խառնածին մշակույթ է, բայց այն հիմնականում պարել են հենց հայերը: «Ուզունդարայի» վրա ևս մեծ ազդեցություն ունեն կովկասյան պարերը, և այն առաջացել է Հայաստանի՝ այսպես ասած Ռուսահայաստան դառնալուց հետո, բայց այն ևս պարել են հայերը»,-բացատրեց Գագիկ Գինոսյանը:

 

Նշենք, որ ինչպես հաղորդում է Apa.az լրատվական կայքը, Ադրբեջանի հեղինակային իրավունքի գործակալությունը ուսական հեռուստաընկերության «Ապրել առողջ» հաղորդաշարի ստեղծագործական խմբի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որի այդ հաղորդաշարի ժամանակ ցուցադրված պարը ձայնադրվել է Ուզեիր Գաջիբեկովի կողմից 1910թ-ին գրված «Ոչ այն, ինչպես սա» երաժշտական կոմեդիայում: Լրատվական կայքը տեղեկացնում է, որ հեղինակային իրավունքների գործակալությունը առաջիկայում իր պաշտոնական բողոքը կհայտնի ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության ղեկավարությանը և համապատասխան միջազգային կառույցներին:

 

Այն, որ պարը չի կարող լինել ադրբեջանական, Գագիկ Գինոսյանը ընդգծեց առանձնակի:

 

«Նրանք նախ պետք է մշակույթ ունենան, որ հետո հավակնություններ ներկայացնեն: Ամբողջ աշխարհը գիտի, որ նման ազգ անգամ գոյություն չի ունեցել: Միայն 1918թ-ին Ռուսաստանի կողմից է պետությունը հիմնադրվել: Դա նույնն է, որ նրանք հայտարարում են, որ Սայաթ-Նովան ադրբեջանական երգեր է գրել, նման լեզու չի եղել, որ Սայաթ-Նովան էլ գրեր: Սա Սովետական միության կողմից բարեկամություն բառի տակ խցկված մի պետություն է: Պարը ադրբեջանական չէ, դա նույնիսկ քննարկման հարց չի կարող լինել»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է Ուզեիր Գաջիբեկովի աշխատանքին, ապա պարի մասնագետը նշեց, որ հաճախ ստեղծագործողները վերցնում են ազգային պարերն ու երգերը և փոփոխություննրի ենթարկում, ինչպես դա անում է Հայաստանում երաժիշտ Արա Գևորգյանը և մի շարք այլ ստեղծագործողներ:

 

«Բայց սա չի նշանակում, որ դա այդ մարդու ստեղծագործությունն է, դե լավ է, որ ադրբեջանցիները չեն ասում, թե հենց Գաջիբեկովն է պարի հեղինակը»,-ասաց նա: