ԱՄՆ-ում ոստիկանները մեքենայում մոտ 50 ինքնաշեն ռումբ են հայտնաբերել
Ամերիկյան Օհայո նահանգում ոստիկանները թույլատրելի արագության գերազանցման համար կանգնեցրել են ոմն Էնդրյու Բոգուսլավսկու մեքենան, որում մի ամբողջ «զինանոց է» հայտնաբերվել, հայտնում է Взгляд-ը։
Վարորդի փաստաթղթերի ստուգման ժամանակ ոստիկանը հետաքրքրվել է, թե արդյոք տղամարդու մոտ զենք կա։ Թեև 43-ամյա Բոգուսլավսկին բացասական պատասխան է տվել, այնուհանդերձ իրավապահները խուզարկել են նրա մեքենան ու հայտնաբերել 48 ինքնաշեն ռումբ, 2 հրացան, 2 ատրճանակ և ևս մի քանի ռումբ պատրաստելու համար նախատեսված նյութեր։
Ներկայում ոստիկանները փորձում են պարզել, թե ինչ նպատակով է ամերիկացին ձեռք բերել զենքերը։ Չի բացառվում, որ նա ցանկանցել է ահաբեկչություն իրականացնել, քանի որ ձերբակալման պահին նրա մոտ հայտնաբերվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կայաններից մեկի հատակագիծը։










