Չինաստանն արգելափակել է Guardian թերթի կայքի հասանելիությունը
Չինաստանի իշխանությունները մասնակիորեն արգելափակել են The Guardian թերթի կայքի հասանելիությունը: Բրիտանական թերթի խմբագրությունից հայտնել են, որ տեղյակ չեն դրա պատճառների մասին, գրում է gazeta.ru-ն:
«The Guardian կայքի արգելափակման պատճառները պարզ չեն: Վերջին երկու օրերի ընթացքում The Guardian-ի՝ Չինաստանի հետ կապված նյութերից և ոչ մեկը երկրի ղեկավարությունը չէր կարող ընկալել որպես վտանգավոր»,- նշում է թերթը:
Նաև նշվում է, որ հունվարի 6-ին հրապարակվել է Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինդզյան-Ույղուր ինքնավար շրջանում անկարգությունների մասին հոդված:
«Մենք հիասթափված ենք նրանով, որ կայքն արգելափակվել է այդ երկրում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակներում այն կրկին հասանելի կդառնա»,- հայտնել են խմբագրությունից:










