Դենիս Ռոդմանը Կիմ Չեն Ընի համար «Happy Birthday to You» է երգել

16:43 • 08.01.14

Այսօր անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել Փհենյանի Սպորտի պալատում, որտեղ NBA-ի (Բասկետբոլի ազգային ասոցիացիայի) և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության թիմերի ընկերական հանդիպմանը ներկա է գտնվել Կիմ Չեն Ընն իր կնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Դահլիճ արգելվել է մտցնել տեսա- և ֆոտոխցիկներ, բջջային հեռախոսներ, մետաղական իրեր:

 

Խաղը կայացել է NBA-ի հնգակի չեմպիոն Դենիս Ռոդմանի նախաձեռնությամբ, որը Փհենյան է բերել այնպիսի հայտնի խաղացողների, ինչպիսիք են Քենի Անդերսոնը, Քլիֆորդ Ռոբինսոնը, Վին Բեյկերը, Քրեյգ Հոջեսը, Դագ Քրիստին և Չարլզ Սմիթը: Կիմ Չեն Ընի ծննդյան առթիվ կազմակերպված հանդիպումն ավարտվել է ԿԺԴՀ թիմի հաղթանակով՝ 47:39 հաշվով:

 

Այնուհետև կայացել է խառը թիմերի միջև խաղը, որի ընթացքում Ռոդմանը նստած է եղել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդի կողքին: Կարճ ելույթում նա ընդգծել է, որ մարշալ Կիմ Չեն Ընն «իսկական առաջնորդ է, որը մտածում է իր ժողովրդի մասին, և ժողովուրդը սիրում է նրան»: Ռոդմանը նաև երգել է «Happy Birthday to You» երգը: