ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ոչ կոալիցիոն անդամները մինչև առաջիկա քառօրյան «գազային» համաձայնագրերի հարցով ՍԴ կդիմեն

19:57 • 08.01.14

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովը մինչև առաջիկա քառօրյան՝ փետրվարի 3-ը, կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ-ի կողմից «գազային» համաձայնագրերի վավերականության օրինականացումը: Այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով հաշվիչ հանձնաժողովի՝ դեկտեմբերի 26-ին կայացած նիստում հանձնաժողովի 4 անդամների կողմից հանձնաժողովի նախագահ է ընտրվել:


«Սա լրջագույն փաստաթուղթ է, պետք է լրջագույն հիմնավորումներ ներկայացվեն, ուստի դեռ աշխատանքներ են տարվում»,-ասաց նա և վստահեցրեց, որ իրենք ՍԴ դիմելու ժամկետների հետ կապված որևէ խնդիր չունեն:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին ԱԺ–ում հայ–ռուսական համաձայնագրերի վավերացման հարցով քվեարկությունից առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ԱԺ կոալիցիոն խմբակցությունների մի շարք պատգամավորների էլեկտրոնային քվեարկության քարտերը, ինչի հետևանքով տեղի էր ունեցել ձեռքով քվեարկություն։ Հանձնաժողովի ոչ կոալիցիոն ուժերի 4 անդամներն անօրինական են որակել այդ քվեարկությունը՝ պատճառաբանելով, որ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը միայնակ է կատարել քվեարկության հաշվարկը: