ԱՄՆ-ում ցրտերի պատճառով ավիաընկերությունների կորուստները գնահատել են 1.5 միլիարդ դոլար

13:15 • 08.01.14

Չափազանց ցուրտ եղանակը, որը գրանցվել է ԱՄՆ-ի կենտրոնական և հյուսիսային հատվածներում, ավիաընկերություններին և դրանց ուղևորներին 1,4 միլիարդ դոլարի վնաս է հասցրել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին:

 

Այդ հաշվարկներն արել է Mas Flight տեխնոլոգիական ընկերությունը, որն ուսումնասիրել է հունվարի 1-6-ը 19 հազար չեղյալ հայտարարված և 76 հազար հետաձգված թռիչքների մասին տվյալները:

 

Ընդհանուր գումարից մոտ 1 միլիարդ դոլարը վերաբերում է ուղևորներին: MasFlight-ը հաշվարկել է, որ ցրտերի պատճառով ժամանակին չի կարողացել թռչել 8 միլիոն մարդ: Վնասի գումարը կազմվել է ինչպես ապարդյուն վատնած աշխատանքային ժամանակից, այնպես էլ ուղևորների հավելյալ ծախսերից, երբ ուղևորները ստիպված են եղել վճարել հյուրանոցների համար՝ թռիչքների չեղյալ հայտարարվելու պատճառով:

 

Ինչ վերաբերում է ավիաընկերություններին, ապա նրանց վնասը հաշվարկվել է՝ ելնելով հավելյալ օպերացիոն ծախսերից:


ԱՄՆ-ում դեկտեմբերի վերջին գրանցվել է անսովոր ցուրտ եղանակ: Մի քանի նահանգներում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 11-20 աստիճան, իսկ որոշ վայրերում՝ մինչև 50 աստիճան: