«Ազգային վերածնունդը» Վ. Բալասանյանի դեմ մահափորձի կապակցությամբ ԼՂՀ դատախազության աշխատանքը համարում է ուղղորդված

15:21 • 08.01.14

ԼՂՀ դատախազության՝ հունվարի 5-ի հաղորդումից կարելի է եզրակացնել, որ Վ.Բալասանյանի դեմ մահափորձի պատճառը միջանձնային վատ հարաբերություններն են, ինչը հիմնազուրկ է, և այս հաղորդագրությամբ դատախազությունը նպատակ ունի ուղղորդել հանրային կարծիքը, հնարավոր է նաև՝ կասկածյալներին։


Այս մասին ասված է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ:


«Սա խոսում է կամ նախաքննության ոչ պրոֆեսիոնալիզմի, կամ էլ միտումնավորության մասին։ Մենք հակված ենք կարծելու, որ այդպիսով նպատակ կա թաքցնել հանցագործության պատվիրատուին (ներին) և կասկած ենք հայտնում նախաքննության անաչառության նկատմամբ»,- ասված է ԱՎԿ գործադիր մարմնի հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ հաղորդվել էր, որ Lեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք էր տեղադրել վերջինիս անձնական օգտագործման «Նիսան Պատֆայնդեր» 45 SL 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
 

Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):


Հունվարի 5-ին ԼՂՀ դատախազությունը հաղորդեց, որ Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու փաստով ի հայտ են բերվել գործով կասկածյալներ՝ նշելով անուններ։ Ըստ դատախազության՝ կասկածյալները շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ են գտնվել Բալասանյանի հետ՝ վերջինիս կողմից նրանցից մեկի եղբորը ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով: