Հայ փաստաբանների ֆրանսիական ասոցիացիան մտահոգված է Վարդան Պետրոսյանի կալանքը երկարաձգելու որոշմամբ
Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական ասոցիացիան (AFAJA) հայտարարությամբ է հանդես եկել դերասան Վարդան Պետրոսյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու դատարանի որոշման առնչությամբ, հայտնում է Nouvelles d'Arménie-ն:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ասոցիացիան զարմանքով և մտահոգությամբ է ընդունել ֆրանսահայ դերասան Վարդան Պետրոսյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 30-ի Կոտայքի մարզի դատարանի որոշումը:
Հայտարարության համաձայն՝ մինչ օրս ընտանիքի շնորհիվ ստացված և փաստաբանի կողմից հաստատված տեղեկությունները չեն արդարացնում ֆրանսահայ դերասանին կալանքի տակ պահելու որոշումը:
Ասոցիացիան նշում է, որ փորձաքննությունը վկայում է, որ դեպքը տեղի չի ունեցել ալկոհոլի կամ մեկ այլ նյութի ազդեցության տակ՝ բացառելով նաև ավտոճանապարհին արագությունը գերազանցելու հնարավորությունը: Բացի այդ, նշվում է, որ Վարդան Պետրոսյանը ծանր վիրավորվել է պատահարի հետևանքով, նրա առողջական վիճակը շարունակաբար վատթարացել է և շարունակում է մնալ վտանգավոր։ Նա մշտական և հետևողական խնամքի կարիք ունի, ինչն անհամատեղելի է բանտային պայմանների հետ:
Ասոցիացիան ցանկանում է իմանալ Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու որոշման՝ Հայաստանի դատական մարմինների դրդապատճառները՝ հասարակական կարգի խախտման վտանգի բացակայության, ինչպես նաև նրա առողջության մտահոգիչ վիճակի դեպքում:
Հիշեցնենք, որ դերասանի մասնակցությամբ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու երիտասարդ է մահացել։










