Ամերիկացի գործարարը մուրացիկ ձևանալով՝ պարգևատրել է իրեն օգնող անցորդներին (լուսանկարներ)

23:15 • 09.01.14

Սուրբ Ծննդյան տոներին ԱՄՆ-ի Այովա նահանգում բնակվող գործարարը նվերներ մատուցելու յուրօրինակ եղանակ է գտել:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ գործարար Ջոնի Ռայթը, մուրացիկ ձևանալով, կանխիկ գումարով ծրարներ է բաժանել բոլոր նրանց, ովքեր բարություն են ցուցաբերել իր հանդեպ և ցանկացել են օգնել:


Դեկտեմբերի 24-ին կանգնելով Դե Մոյն քաղաքի արվարձանային տներից մեկի մոտ՝ գործարարը 50 ծրար է բաժանել՝ ընդհանուր առմամբ 1000 դոլար կանխիկ գումարով: Ծրարներից 5-ում 100 դոլարանոց թղթադրամներ են եղել, իսկ մյուսներում՝ 10: Յուրաքանչյուր ծրարում նա նաև շնորհակալական նամակ էր տեղադրել, որում էլ բացատրում էր, որ ինքը մուրացիկ չէ, այլ հաջողակ գործարար:


Հիշեցնենք, որ նման դեպք տեղի էր ունեցել նաև Կանադայում, երբ մեծահարուստը, մուրացիկ էր ձևանում, ապա գումար կամ օգնություն առաջարկում իր կողքով անտարբեր չանցնողներին: