Հայերը, ըստ սոցիոլոգի, նույնասեռականներին ու աղանդավորներին չեն սիրում
Tert.am-ի հետ զրույցում GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն անդրադառնալով իր գործընկեր Գևորգ Պողոսյանի դիտարկումներին, որ երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ՝ նշել է, որ 2011-ին՝ «արաբական գարունից» հետո խոսել է Եգիպտոսի ամենախոշոր սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարի հետ, ով ի պատասխան հարցի, թե կա՞ր ինչ-որ ազդակ, որ ըմբոստություն, հեղափոխություն կարող էր առաջանալ, բացասական պատասխան է տվել:
Անդրադառնալով իրենց վերջին հարցումներին՝ Արամ Նավասարդյանը սխալ է համարում իր խոսքով՝ եվրոպական ռազմավարությունը, երբ որոշ արժեքներ կամ «արժեքներ» բերում-տեղայնացնում են Հայաստանում: Միասեռականության ու աղանդների նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքը, օրինակ, ըստ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարի՝ ընդունելի չէ մեր ազգային կերպարի համար:
-Պարոն Նավասարդյան, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի ներկայացմամբ, երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, և եթե իրադրությունը երկրում չփոխվի, առաջիկայում ականատես կլինենք պայթյունի, այսինքն՝ հանրային ընդվզումների: Դուք ունե՞ք նման տվյալներ պարունակող հարցումներ:
-Ես նման տվյալների չեմ տիրապետում: Բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա՝ «արաբական գարնան» հետ կապված. երբ Մուբարաքին գահընկեց արեցին, 2011-ին խոսել եմ այնտեղի ամենախոշոր սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարի հետ, ով 30 տարի զբաղվում է սոցիոլոգիայով։ Երբ հարցրի, թե կա՞ր ինչ-որ նախապայման, որ նման խնդիրներ կարող էին առաջանալ, ասաց, որ նման որևէ կանխատեսում չի եղել, և որ այդ ամեն ինչը կազմակերպվել է սոցցանցերի միջոցով և հիմնականում երիտասարդության շրջանակներում՝ շատ կարճ ժամանակահատվածում: Այնպես որ, իշխանությունը չի էլ հասցրել արձագանքել:
-Դե մեր սոցցանցերում էլ պարբերաբար «հեղափոխություն է»:
-Մենք էլ ենք կողմնակից փոփոխության, բարեփոխումների. մարդիկ միշտ էլ հակված են ապրել ավելի լավ երկրում, ավելի լավ միջավայրում: Բայց կխնդրեմ այդ մարդկանց, նրանց համախոհներին՝ տեսնել, թե ինչ իրավիճակում են այդ երկրները՝ և՛ Եգիպտոսը, և՛ Լիբիան, և՛ Սիրիան։ Եթե կարողանան ցույց տալ որևէ դրական փոփոխություն, միգուցե ես կփորձեմ լսել իրենց: Սակայն բանական մարդու համար պարզ է՝ ինչ է կատարվում. տնտեսական վիճակ, քաղաքական վիճակ, Լիբիան, առհասարակ մասնատվելու է, սոցիալական վիճա՞կն է բարելավվել, հակառակը՝ երեք-չորս անգամ կենսամակարդակը իջել է, թե՞ դեմոկրատիան է ավելի խորացել:
-Իսկ ապատիկ տրամադրություններ կա՞ն հասարակության ներսում:
-Նման վերլուծություն անելու համար պետք է շատ խորը ուսումնասիրություն կատարել, բայց հիմա ասել, որ մեր ժողովուրդը գտնվում է ապատիկ վիճակում, չեմ կարող ասել: Բայց այն, որ քաղաքական գործընթացներում շատ ակտիվորեն մեր բնակչությունը չի մասնակցում, ակնհայտ է, որովհետև ես չեմ ուզում ասել, որ մենք չունենք մարտահրավերներ, բայց մենք չունենք այդ մարտահրավերներին արձագանքող առողջ ուժեր, որոնց մեր ժողովուրդը կհավատա: Վերջին երեք տարիներին ի՞նչ ենք տեսնում՝ ընդդիմադիր դաշտը գնալով աղճատվում է, և ռեալ պայքարի փոխարեն տեսնում ենք գզվռտոց: Ես կարծում էի, որ և՛ ԱԺ, և՛ նախագահի, և՛ ավագանու ընտրություններից հետո մեր քաղաքական ուժերը կսթափվեն և չեն փորձի պայքարել այս մեթոդներով, որոնց սովոր են և պայքարել՝ թիմերով: Ես, հակառակը, տեսնում եմ, որ այս պրոցեսը, որ սկսվել էր, գնալով խորանում է. ստեղծվում են նոր ընդդիմադիր ուժեր, այլընտրանքային ուժեր: Միայն վերջին 1-2 ամսում 2-3 նոր քաղաքական նախաձեռնություններ են ստեղծվել ի հավելումն նրա, ինչ-որ ունեինք: Այսինք՝ տրոհում, տրոհում: Ու բոլորը խոսում են միավորման մասին, բոլորը խոսում են ազգը համախմբելու մասին: Եվ դա բերել է նրան, որ բնակչությունն այլևս ոչ այնքան լուրջ է վերաբերում որոշ քաղաքական ուժերին, չեմ ասի՝ որոնց:
-Պարոն Նավասարդյան, Gallup International-ի անցկացրած վերջին հարցումների համաձայն՝ հայաստանցիների 64%-ը դրական է վերաբերվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գաղափարին, իսկ ապրիլին իրականացված հարցման ժամանակ հայաստանցիների 67 տոկոսն է կողմ եղել Մաքսային միությանը անդամակցելուն...
-Այո, սեպտեմբերից երեքից հետո, հիշում եք՝ ինչ հակաքարոզչության ալիք բարձրացավ, և մոտ մեկ ամիս հետո գրանցվեց 3%-անոց նվազում:Մենք փորձեցինք տեսնել՝ կա՞ տարբերություն ըստ Երևան քաղաքի, մարզերի, բայց նման ցայտուն տարբերություններ չենք տեսել: Սակայն տարիքային խմբերում զգացվում է, օրինակ՝ 44-54 տարեկանների մոտ ավելի բարձր է կողմնորոշումը դեպի Մաքսային միությունը: Եվ հարցաշարի մյուս հարցերի արդյունքները համադրելով՝ կարող եմ ասել, որ նորարարությունների, նոր տեխնոլոգիաների գաղափարը մենք սպասում ենք Եվրոպայից, նաև կրթական հարցերը, որն էլ, ըստ իս, պրագմատիկ մոտեցում է:
-Հարցաշարի ի՞նչ հարց է Ձեզ հետաքրքիր եզրահանգումների տեղիք տվել:
-Կառանձնացնեի հետևյալ հարցը՝ «եվրոպական արժեքներից որո՞նք են Ձեզ համար ընդունելի, որոնք՝ ոչ» և շատ հետաքրքիր պատասխաններ են: Ազատ խոսքի իրավունք–76 տոկոսը կողմ են, դժվարացել են պատասխանել 8 տոկոսը, 9 տոկոսը դեմ են: ԶԼՄ-ների ազատություն–74 տոկոսը կողմ են, հիմա, ուշադրություն, միասեռականության ընդունում՝ 4 տոկոսն է ընդամենը կողմ, 91 տոկոսը դեմ է, մյուսները դժվարացել են պատասխանել: Կամ՝ եկեղեցիների կամ կրոնական համայնքներին, որոնք համարվում են ոչ ավանդական … միայն 15 տոկոսն է կողմ, 68 տոկոսը դեմ է: Իսկ օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանություն՝ 89 տոկոսը կողմ է: Այսինքն՝ այստեղ տեսնում ենք հստակ, չասեմ սխալ, բայց ռազմավարության սխալ ընտրությունը եվրոպական երկրների, որոնք փորձում են իրենց բոլոր արժեքները կամ «արժեքները» բերել-տեղայնացնել Հայաստանում: Ինչը ընդունելի չէ մեր ազգային կերպարին, հիմա ինչքան ուզում ես համոզել, ասել, որ դա մարդու իրավունքների մեջ է մտնում, մեր մոտ դա ընդունելի չէ: Եվ ասեմ, որ այս report-ը ուզեցին նաև ԵՄ ներկայացուցիչները, և կարծում եմ, որ երբ հետագայում իրենց ծրագրերը իրականացնեն, սա կլինի իրենց համար ազդակ:










