Հայ-թուրքական պատվիրակությունները քննարկել են սահմանին առնչվող հարցեր
Թուրքիայի ու Հայաստանի սահմանին գտնվող Արփաչայ, Աքյաքա և Դիգոր շրջանների գյուղապետերից ու թուրք սահմանապահներից բաղկացած պատվիրակության և Հայաստանի սահմանապահ մարմինների միջև Գյումրիում հանդիպում է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Ihlas գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանի խախտումներին, դրանց կանխարգելմանը, կենդանիների շրջանում տարածված հիվանդություններին, կենդանիների գողություններին, սահմանաքարերին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2013թ.-ին տեղի ունեցած աշխատանքները և քննարկվել է 2014թ.-ին իրականացվելիք աշխատանքների օրակարգը։
Հանդիպումների շրջանակներում թուրքական կողմը հիշեցրել է 2013թ.-ի հուլիսի 31-ին սահմանը հատած և սպանված թուրք հովվի մասին և նշել, որ հարցը շարունակելու են բարձրաձայնել միջազգային ասպարեզում։
Համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումը 2014թ.-ի մարտին անցկացնելու վերաբերյալ։










