Վիտալի Բալասանյանի նկատմամբ իրականացված մահափորձն Արցախում արտառոց վիճակ չի ստեղծել

20:07 • 09.01.14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի նկատմամբ իրականցված մահափորձն, ըստ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի, որևէ արտառոց վիճակ կամ շիկացած մթնոլորտ չի առաջացրել Արցախում:


 

«Մարդիկ ապրում են հետտոնական մթնոլորտում, իրենց առօրյայով են զբաղված»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ ավելացնելով, որ այդ մահափորձի հետ կապված որևէ իրադարձություն կամ միջադեպ չի եղել:


«Կա´ն մարդիկ, ովքեր փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ինչ-որ բան լինի, բայց այդ փորձերն ապարդյուն են անցնում»,-ընդգծեց ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակը:

 


Նրա խոսքով՝ գործն ընթանում է թափանցիկ և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով:


«Կարծում եմ՝ շուտով արդեն ամեն ինչ պարզ կլինի, որովհետև դեռ վաղաժամ է խոսել վերջնական արդյունքի մասին, քանի որ գործը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, հետո կգնա դատարան»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ որևէ բողոք որևէ մեկի կողմից չկա, այդ թվում նաև՝Վիտալի Բալասանյանի կողմից:

 

Իսկ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի խոսքով՝ հանրության համար անակնկալ էր կատարվածը:


«Եղան տարբեր մեկնաբանություններ, ընդ որում՝ ժամանակից շուտ: Կարծում եմ, որ ճիշտ կլինի մինչև նախաքննության ավարտը զերծ մնալ ցանկացած մեկնաբանությունից, և կարծում եմ՝ մոտ ժամանակներս ջրերը կպարզվեն, և մենք ամեն ինչ կիմանանք»,-ասաց Գեղամ Բաղդասարյանը:


«Մի կողմից՝ ընդունելի չէ մահափորձի միանշանակ քաղաքականացումը, մյուս կողմից՝ ինձ համար միանգամայն տարօրինակ է ԼՂՀ գլխավոր դատախազության այսպես ասած՝ գերօպերատիվ արձագանքն այդ ամենին, երբ շրջանառության մեջ դրվեց կոնկրետ դրդապատճառ»,- նշեց Գեղամ Բաղդասարյանը: