ԿԳՆ-ն չի պատասխանելու անանուն նամակներին և հորդորում է ուսանողներին` ստորագրված նամակներ ուղարկել

21:53 • 09.01.14

Անանուն նամակներին՝ լինեն բաց, թե փակ, կրթության և գիտության նախարարությունը չի պատասխանելու։ Այս մասին Tert.am-ին ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողների կողմից նախարարին ուղղված նամակին, որտեղ վերջիններս դժգոհում են ցիկլային պարապմունքների ընթացքում բացակայությունների և հետագայում ցիկլը վճարովի հիմունքներով կրկնելու օրենքի դեմ:

 

«Նախ՝ ասեմ, որ Արմեն Աշոտյանը տարեվերջյան իր ասուլիսում ասաց, որ անանուն նամակների չի պատասխանելու: Մենք հորդորում ենք այդ ուսանողներին՝ հանդես գալ իրենց անունից, որը հիմք կհանդիսանա պաշտոնական ուսումնասիրություն կատարելու համար»,-ասաց նա:

 

Նշենք, որ ԿԳ նախարարին ուղղված նամակում ուսանողները խնդրահարույց են համարում այն հարցը, որ օրենքի համաձայն՝ 4 շաբաթանոց ցիկլային պարապմունքի ընթացքում ամեն շաբաթ նույնիսկ՝ մեկ «անհարգելի» բացակա ունենալու դեպքում ուսանողը պարտավոր է կրկնել ամբողջ 4 շաբաթն էլ՝ համապատասխանաբար վճարելով դրա համար:


 

Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ, այնուամենայնիվ, տվյալ նամակը ներկայացվել է նախարարին, բայց հարցի շուրջ որևէ դիրքորոշում հայտնելու համար նախարարությունը պետք է ուսումնասիրի հարցը:

 

Նշենք նաև, որ ուսանողները նամակում ընդգծել են, որ իրենք դեմ չեն բացակայությունները լրացնելուն, բայց ցիկլի կրկնության փաստը շատ ամբիոնների և դասախոսների ձեռքում վերածվում է հզոր զենքի՝ ուղղված ուսանողների, այս պարագայում՝ թույլ օղակի դեմ:

 

«Հիմա ցանկացած ամբիոն կամ դասախոս ուսանողի դեմ անձնական հակակրանք տածելու դեպքում կարող է նրա ցանկացած, անգամ՝ չնչին սխալն օգտագործել: Օրինակ՝ լսարանից դուրս հրավիրել և բացակա դնել: Եվ քանի որ ցիկլի կրկնությունը համարժեք է քննությունը մարման շրջանում հանձնելուն, ապա շատ լավ սովորող, նույնիսկ՝ անվճար համակարգում ընդունված ուսանողը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել»,-գրել են ուսանողները: