Նյույորքցին դատավարության արդյունքում 3,4 միլիոն դոլար է շահել սխալմամբ իրեն 17 տարի ազատազրկման դատապարտելու համար
Նյու Յորքի բնակիչը, ով գրեթե երկու տասնամյակ բանտում է անցկացրել իր ծնողներին սպանելու համար, շահել է պետության դեմ իր դատական հայցը և 3,4 միլիոն դոլար ստացել, հաղորդում է CNN-ը:
42-ամյա Մարտին Տանկլիֆը 17 տարի է անցկացրել բանտում՝ 1988 թվականի սեպտեմբերին մեղադրվելով իր ծնողների սպանության մեջ:
Տանկլիֆը 17 տարեկան է եղել, երբ նրա ծնողներին սպանված են գտել Լոնգ Այլենդի արվարձանում գտնվող իրենց տանը:
Վերաքննիչ դատարանը 2007 թվականին չեղյալ է համարել դատարանի կայացրած վճիռը՝ ազատելով նրան բոլոր մեղադրանքներից: Դատարանը որոշել է, որ նա հավանաբար չէր դատապարտվի, եթե նոր հայտնաբերված ապացույցը ժամանակին ներկայացվեր:
Պետության դեմ հայցից հետո Տանկլիֆը և նրա իրավաբանական թիմը պատրաստվում են դատական գործ սկսել իր գործով նախկին քննիչների դեմ:










