Ռոդմանը ներողություն է խնդրել Հս. Կորեայում պահվող ամերիկացու մասին խոսքերի համար

11:51 • 09.01.14

Բասկետբոլի նախկին աստղ Դենիս Ռոդմանը հինգշաբթի ներողություն է խնդրել իր արած մեկնաբանությունների համար, որոնց համաձայն՝ Հյուսիսային Կորեայում պահվող ամերիկացին արժանի էր իր ճակատագրին։ Նա ասել է, որ գինովցած է եղել, երբ ասել է այդ խոսքերը CNN-ի հետ հեռուստակամրջի ժամանակ, գրում է The New York Times-ը:

 

The Associated Press-ին ուղղված նամակում նա գրել է, որ այդ օրը շատ լարված օր է եղել, և նա գինովցած է եղել՝ չնայած դա արդարացում չէ:

 

Ռոդմանը սուր քննադատության էր արժանացել Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ մարդու իրավունքների ոլորտում երկրի սարսափելի վիճակն անտեսելու հետ մեկտեղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին դրական խոսքեր ասելու համար:

 

Այդ քննադատությունն է՛լ ավելի է սրվել, երբ Ռոդմանը CNN-ին տված հարցազրույցում խոսել է ամերիկացի միսիոներ Քենեթ Բեյի՝ Հյուսիսային Կորեայում կալանքի մասին: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ասել էր. «Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է նա արել այս երկրում, ինչու է նա պահվում այս երկրում»: