Տիգրան Կարապետյանը Շրի Լանկայում է ու խաղատանն իր ողջ ունեցվածքից չի զրկվել. Արտակ Հարությունյան

11:31 • 09.01.14

Yerkir.am-ի տեղեկությունը, թե Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը օրեր առաջ մեծ գումար է տանուլ տվել և զրկվել իր ողջ ունեցվածքից, կուսակցության քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը հերքեց։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դա ապատեղեկատվություն է, և Տիգրան Կարապետիչը դեռ տոներից առաջ արտերկիր է մեկնել և չէր կարող Երևանում նման չափերի գումար տանուլ տալ։


«Ինքը դեկտեմբերի 10-ից հանրապետությունում չէ, արտասահման է գնացել Նոր տարին անցկացնելու, ոնց կարող է պատահի նման բան»,- ասաց նա։


Հարցին, թե գուցե հենց արտերկրում էլ այցելել է խաղատուն և տանուլ տվել, Արտակ Հարությունյանը պատասխանեց. «Ես իր հետ խոսել եմ, տենց բան չկա, սուտ բաներ են»,- ասաց նա և նշեց, թե Վոլգոգրադում մի քանի հյուրանոց ունի, ցանկության դեպքում կարող են հետաքրքրվել դրանք տանո՞ւլ է տվել, թե՞ ոչ։


Արտակ Հարությունյանը տարածված տեղեկության մասին հեռախոսով հայտնել է Տիգրան Կարապետյանին, ով ըստ նրա՝ հումորով է վերաբերվել. «Ծիծաղեց, ասաց ինչ ուզում են գրեն»։


Իսկ թե որտեղ է կուսակցության նախագահը՝ Արտակ Հարությունյանը պատասխանեց. «Շրի Լանկայում»։