ՌԴ–ն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ–ի կողմից Սիրիայի հարցով հայտարարության ընդունումը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից հայտարարության ընդունումը, որը քննադատում է սիրիական Հալեպ քաղաքի ռմբակոծությունը կառավարական ուժերի կողմից, այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին, որը վկայակոչել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:
Ինչպես պատմել են դիվանագիտական աղբյուրները Reuters-ին, ՌԴ պատվիրակությունը պահանջել է հայտարարության տեքստում ուղղումներ մտցնել, որոնք «փաստացիորեն բացառում էին Հալեպում տեղի ունեցածի մասին ցանկացած հիշատակում»:
Արդյունքում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին այդպես էլ չի հաջողվել համաձայնեցնել փաստաթղթի տեքստը: Reuters-ը չի կարողացել ռուսական պատվիրակությունից մեկնաբանություն ստանալ:
Ռուսաստանն արդեն երկրորդ անգամ է արգելափակում Հալեպի ռմբակոծության հարցով հայտարարության ընդունումը: Այդ փաստաթղթի նախկին տարբերակը, որը քննադատում էր խաղաղ բնակիչների վրա կառավարական զորքերի հարձակումը և Հալեպում ինքնաթիռներից նետվող այսպես կոչված «տակառային ռումբերի» օգտագործումը, մերժվել էր Ռուսաստանի կողմից դեկտեմբերի 19-ին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Ինքնաթիռներից իրականացրած հարվածների պատճառով, որոնք կառավարական զորքերը սկսել են հասցնել Հալեպի վրա դեկտեմբերի 15-ին, իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով մահացել է 700-ից ավելի մարդ, մոտ 3000–ը ստացել են վնասվածքներ:










