Վենեսուելայում 7 մարդ է ձերբակալվել «Միսս Վենեսուելայի» սպանության կասկածանքով
Վենեսուելայում ձերբակալվել է 7 մարդ, ովքեր կասկածվում են գեղեցկության նախկին թագուհի Մոնիկա Սպիրի և նրա ամուսին Թոմաս Բերրիի սպանության մեջ: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ տեղական ԶԼՄ-ներին հղումով, Պուերտո-Կաբելյո քաղաքի արդարադատության պալատ են բերել 4 տղամարդու և 1 կնոջ, ինչպես նաև՝ 15 և 17 տարեկան դեռահասների: Սպասվում է, որ նախնական դատական հետաքննության արդյունքում նրանց մեղադրանք կներկայացվի կրկնակի սպանության համար:
2004 թվականին «Միսս Վենեսուելա» տիտղոսին արժանացած Սպիրի սպանությունը մեծ արձագանք էր գտել երկրում: Նախագահ Նիկոլաս Մադուրոն հրավիրել էր նահանգապետերի խորհուրդ, որի ժամանակ քննարկվել են երկրում բռնությունը դադարեցնելուն ուղված քայլերը:










