Կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված. նախարարը գոհ է զորակոչի նոր կարգից (տեսանյութ)

17:49 • 09.01.14

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանրապետական հավաքակայան կատարած այցի ժամանակ անդրադառնալով զորակոչի իրականացման նոր կարգին (վիճակահանությանը), այն դրական գնահատեց և գոհունակություն հայտնեց վերջինիս իրականացման համար:


«Տարեց տարի կբարելավենք այս համակարգը և ամեն ինչ կանենք, որ արդարությունը բարձունքում գտնվի, ինչպես նաև ծնողների մոտ վստահությունը բանակի նկատմամբ ավելի բարձրանա: Բոլորիս համար հավասար վերաբերմունքը յուրաքանչյուր զորակոչիկի նկատմամբ պարտադիր է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված:


Վերջինիս խոսքով՝ վիճակահանության արդյունքները դրական են. համապատասխան գիտելիքները, սոցիալական կարգավիճակն ու այլ չափանիշներ հաշվի առնելով կատարվում է տեղաբաշխումը:


Անդրադառնալով երկրի դեմոգրաֆիկ խնդիրներին՝ նախարարը նշեց, որ նախորդ զորակոչի նույն թվաքանակով այսօր զորակոչ է իրականացվում: Բացի այդ, բավականին լուրջ աշխատանքներ են կատարվում, որ Զինված ուժերում պրոֆեսիոնալ տարրն ավելացնեն: «Բոլոր տեսակի մասնագիտությունների համալրումը իրականացվում է բավականին բարձր մակարդակով»,- ասաց նա:


Նախարարը նաև վստահեցրեց, որ զորակոչի հետաձգմամբ զորացրումը չի հետաձգվի: Նա նաև զրուցեց զորակոչիկների հետ, նրանց անվտանգ ծառայություն մաղթեց։