Երթ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի. մասնակիցները հասան ԱԱԾ. ոստիկանները փակեցին ճանապարհը (տարբերակ 5, տեսանյութեր)

13:30 • 10.01.14

15։12


Երթի ընթացքում ոստիկանները փակեցին ճանապարհը և թույլ չեն տալիս երթի մասնակիցներին Ազգային անվտանգության ծառայության շենքի մայթով հասնել այնտեղ: Ոստիկանները հորդորեցին շարունակել դիմացի մայթով:

 

«Մենք այդքան ժամանակ չունենք բացատրելու, թե ինչու չենք թույլ տալիս, եթե գտնում եք, որ անօրինական է փակում ենք, բողոքարկեք»,- ասաց ոստիկաններից մեկը:

 

Երթի մասնակիցները շարունակեցին դիմացի մայթով: Այնտեղ ոստիկանները պատ կազմեցին ՝ թույլ չտալով մասնակիցներին մոտենալ շենքին:

Նալբանդյան փողոցում նրանք կանգ առան հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող արձանի դիմաց և վանկարկեցին՝«ոխերիմ բարեկամներ»: «Ոչ ոխերիմ բարեկամներին: Կարծում եմ՝ ապագայում այս արձանը կդառնա գերեզմանաքար, քանի որ այն գերեզմանաքարի է նման»,- հայտարարեց ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը՝ նշելով, որ այսօրվա ցույցը ռուս ժողովրդի դեմ է:


14։36

Այս պահին երթի մասնակիցները հասել են Գլխավոր դատախազության մոտ, որտեղ վանկարկում են՝ «տեսակցություն»: Երթին միացավ նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Լրագրողների հետ զրույցում նա իր վրդովմունքը հայտնեց տեսակցություններն արգելելու որոշման կապակցությամբ:


«Տեսակցություն չտալ, ամենածանր քրեական հանցագործի դեպքում անգամ իրավունք չունեն: Սա մարդու իրավունքն է՝ երբեմն տեսնել իր հարազատներին: Նա հացադուլ է արել, որ հնարավորություն տրվի տեսակցել հարազատներին»,- ասաց նա:


Պարույր Հայրիկյանը նշեց, որ եթե ինքը հնարավորություն ունենար, ապա առաջին իսկ հնարավորության դեպքում ազատ կարձակեր Շանթ Հարությունյանին:
«Խոսքը, իհարկե, վարչական տուգանքների մասին չէ, դա կարելի է, բայց բանտարկել ու թույլ չտալ տեսակցել հարազատներին՝ վայրենություն է»,- ասաց նա:


14:24

Երթի ընթացքում Կառավարության շենքի կողքով անցնելիս, մասնակիցները հանդիպեցին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ով այդ պահին շենքից էր դուրս գալիս և փորձում մոտենալ իր մեքենային:


Երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «ամոթ», ինչին ի պատասխան նախարարը շրջվեց և հարցրեց՝ «Ու՞մ ամոթ: Հենց քեզ ամոթ»:


Այնուհետև Հրայր Թովմասյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: Մասնավորապես նշեց, որ հենց ինքն է կարգադրել Շանթ Հարությունյանին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, քանի որ վերջինիս վիճակը ծանր էր:


Նշենք, որ ցուցարարները բարձր աղմուկ բարձրացրին և թույլ չտվեցին նախարարին մինչև վերջ լսել: Նրանք հորդորում էին լրագրողներին, իրենց իսկ բառերով հանցագործներից հարցազրույց չվերցնել: Մասնակիցները Հրայր Թովմասյանին ճանապարհեցին «սիկտիր», «ամոթ», «հանցագործ հեռացիր» արտահայտություններով։


14։04

Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի բողոքի երթը մեկնարկեց: Մասնակիցները Հյուսիսային պողոտայով շարժվում են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ վանկարկելով «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ Հայաստան»:


Ճանապարհին իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ իրենք առաջին հերթին պահանջում են հանել Շանթին և մյուս ձերբակալվածներին տեսակցելու արգելքը:


«2013թ-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում կայացրեց՝ ՀՀ-ի քաղաքացիներին «բիրիքով» հանձնել Մաքսային միություն: Մենք հայտարարում ենք, որ մենք ստրուկներ չենք կարող լինել: Այդ գաղափարի տեսակետից Շանթը և իր ընկերները նոյեմբերի 5-ից առաջ Ազատության հրապարակում հավաքվեցին՝ բողոք արտահայտելու ապօրինի որոշման դեմ: Պահանջում ենք ազատ արձակել Շանթին»,- ասաց Արթուր Սաքունցը:
 


Մի խումբ քաղաքացիներ այս պահին հավաքվել են Ազատության հրապարակում բողոքի երթ անցկացնելու՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի: Նրանք պաստառներով ու դրոշներով նախատեսել են հրապարակից շարժվել դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք, այնուհետև դեպի դատապարտյալների հիվանդանոց, որտեղ գտնվում է Շանթ Հարությունյանը:


Ազատության հրապարակում է նաև «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է սատարելու Շանթ Հարությունյանին, քանի որ վերջինիս համարում է քաղբանտարկյալ:


Այստեղ է նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Քիչ հետո երթը կմեկնարկի:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով փորձել էր շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն Ոստիկանությունը թույլ չէր տվել շարունակել երթը, տեղի էին ունեցել բախումներ և ձերբակալվել էր ավելի քան 30 մարդ, այդ թվում և Շանթ Հարությունյանը։


Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»):


Ուղիղ եթերը՝ Civilnet.am–ի