Ջասթին Բիբերը խոստովանել է, որ ավտոմեքենան վարել է՝ գարեջուր և մարիխուանա օգտագործած
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ով ձերբակալվել է ամերիկյան Մայամի-Բիչ քաղաքում, խոստովանել է, որ ավտոմեքենայի ղեկին նստել է՝ գարեջուր և մարիխուանա օգտագործած: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքի ոստիկանության պետ Ռեյմոնդ Մարտինեսը:
Ըստ նրա՝ ձերբակալության ժամանակ Բիբերը, ով վարում էր վարձակալած դեղին Lamborghini, դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին և կոպիտ է պահել իրեն: 19-ամյա երգչի գործողությունները եղել են դանդաղ, իսկ խոսքը՝ չկապակցված: Բացի այդ՝ նրա վարորդական իրավունքի ժամկետն ավարտված է եղել:
Բիբերն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել մեքենան գրեթե 100 կմ/ժ արագությամբ վարելիս. ճանապարհի այդ հատվածում թույլատրելի արագությունը կազմում է մոտ 50 կմ/ժ:
Հաղորդվում է, որ նա փորձել է անցնել կարմիր Ferrari-ին, որը վարում էր ամերիկացի երգիչ Հալիլը:










