ՀՀ–ում Ուկրաինայի դեսպանատան մոտ ոգեկոչում են Կիևում զոհվածների հիշատակը (լուսանկարներ,տեսանյութ)

12:34 • 24.01.14

Երևանում Ուկրաինայի դեսպանատան մոտ հավաքվել են մի խումբ ակտիվիստներ՝ հարգանքի տուրք մատուցելու Կիևի Գրուշևսկի փողոցում օրեր առաջ զոհվածների հիշատակին, որոնց մեջ էր նաև հայազգի ակտիվիստ Սերգեյ Նիկոյանը։


Ակցիային մասնակցում են «Ժառանգություն» կուսակցություն ներկայացուցիչներ, «Կոնկորդ» քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, որոնք մոմերով և ծաղիկներով շարժվում են դեպի դեսպանատուն։


Դավիթ Շահնազարյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ Սերգեյ Նիկոյանն այսօր դարձել է Կիևում ընթացող պայքարի խորհրդանիշը։ Դավիթ Շահնազարյանը, ով ավելի վաղ զուգահեռներ էր անցկացրել Մայդանի և «Մարտի-1»–ի իրադարձությունների միջև, ասաց, որ Սերգեյ Նիկոյանը դարձավ «Մարտի 1-ի» 11-րդ զոհը։


Ակցիայի ընթացքում մի քանի ակտիվիստներ վանկարկեցին Մայդանի կարգախոսը՝ Слава Украине!:


Նշենք, որ Ուկրաինայի դեսպանատան մոտ կան բազմաթիվ ոստիկաններ։