Վարդան Պետրոսյանի գործով նախաքննության փուլն ավարտված է

11:53 • 24.01.14

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով նախաքննական փուլն ավարտվել է։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ Նա նշեց, որ ըստ դատավարության ընթացակարգի, նախաքննության ավարտի մասին առաջինը տեղեկացնում են տուժող կողմին, ինչը և արվել է, որից հետո նոր՝ մեղադրյալին։


«Հունվարի 29-ին մեզ էլ կհայտարարեն նախաքննության ավարտի մասին, որից հետո հնարավորություն կունենամ ծանոթանալ նյութերին։ Թե երբ կսկսվի դատավարական փուլը դժվարանում եմ ասել, քանի որ նյութերին ծանոթանալուց հետո գուցե պարզվի, որ ինչ-որ բաներ լրացնելու կարիք կա»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: