Կիևում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ցուցարարները գրավել են նախարարություններից մեկի շենքը (ուղիղ միացում)
Կիևի ցուցարարները, մասնավորապես «Ընդհանուր գործ» քաղաքացիական շարժման ակտիվիստները, գրավել են Մայդանից 100 մ հեռավորության վրա գտնվող Ագրարային քաղաքականության նախարարության շենքը։ Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը՝ վկայակոչելով շարժման համակարգող Ալեքսանդր Դանիլյուկին։
Հինգշաբթի ամբողջ երկրով մեկ անցել է ցույցերի նոր ալիք, որոնք ավարտվել են տեղի պետական մարմինների շենքերի գրոհով։ Մի շարք ուկրաինական քաղաքներում՝ Լվովում, Ռովնոյում, Իվանովո-Ֆրանկովսկում, Տերնոպոլում, ցուցարարները գրավել են պետական շինություններ ու բարիկադներ կառուցել։
Սակայն ավելի շատ տուժել է Կիևի քաղաքային վարչակազմը։ Հաղորդվում է , որ այնտեղից դուրս է բերվել սպասքը, տեխնիկան ու փաստաթղթերը։
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ այս գիշեր ավարտվել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու ընդդիմության առաջնորդների միջև բանակցությունները։ Հիմնվելով դրանց արդյունքների վրա՝ ընդդիմադիրներ Վիտալի Կլիչկոն ու Օլեգ Տյագնիբոկը հայտարարել են, որ համաձայնության են եկել նախագահի հետ բռնության դադարեցման ու ձերբակալված ցուցարարների ազատ արձակման շուրջ։
Մինչդեռ «Բատկիվշչինա» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Կիևի կենտրոնում ցույցի ելածների վերահսկողության տակ գտնվող տարածքները կընդլայնվեն կառավարական թաղամասի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Կիևում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 400 մարդ, որոնց թվում կան և՛ իրավապահներ, և՛ ցուցարարներ։ Հաղորդվում է նաև զոհերի մասին, որոնց մեջ է նաև հայազգի Սերգեյ Նիկոյանը։










