Վախ՝ պատերազմի, վախ՝ աղքատության, գումարած կրիմինալ վախը. Վահան Թումասյանը՝ Գյումրու մթնոլորտի մասին
Գյումրիում ավելի կոպիտ, ցցուն է արտահայտված այն քրեական իրավիճակը, որն առկա է Երևանում և այլ մարզերում: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Գյումրու «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը՝ անդրադառնալով Գյումրու նախկին քաղաքապետի որդի Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ նոր միջադեպին:
«Հայաստանում ամենուր, Գյումրիում՝ մի քիչ շատ, մշտապես եղել են տարաբնույթ վախեր. վախ պատերազմի վերսկսումից, վախ՝ աղքատության, սոված մնալու, դրան գումարվել է կրիմինալ վախը, որ որոշակի արտոնյալ մարդիկ իրենց ճորտատերերի տեղ են դրել, և հասարակությունն էլ իրենց ճորտն է, որ ընտրություններին իր ասածով քվեարկի և փողոցները իրեն տեսնելով՝ խոնարհվի»,- ասաց Վահան Թումասյանը:
Հիշեցնենք, որ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակը տեղեկություններ էր տարածել, թե Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Սամվել Բալասանյանի տան մոտ վեճ է սարքել, որի ժամանակ կրակոցներ են հնչել, ինչը ֆիքսել են քաղաքապետի տան տարածքում տեղադրված տեսախցիկները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սպարտակ Ղուկասյանը հրավիրվել է Ոստիկանություն՝ բացատրություն տալու:
Վահան Թումասյանի գնահատմամբ՝ մեկ տարի է՝ Գյումրիում մթնոլորտ էր փոխվել: «Քաղաքապետի փոխվելուց հետո, երբ տեսնում էին, որ քաղաքապետի որդիները «նագլիությունն» չեն անում, մնացած արտոնյալներն էլ ստվեր էին անցել»,-ասաց գյումրեցին: Նրա գնահատմամբ՝ վերջին միջադեպերը Գյումրի քաղաքում ազդեցությունը վերականգնելու համար են. «որ մենք դեռ կանք, և այլն»:
Վահան Թումասյանը հավելեց, որ, վերջ, երկիրն այլևս չի դիմանում, ու իշխանությունը, Ոստիկանությունը պետք է հասկանան՝ կամ ելքը պետության, քաղաքի կործանումն է, կամ՝ կրիմինալինը:
Հիշեցնենք, որ մամուլում տարբեր ժամանակներում Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ միջադեպերի մասին տարաբնույթ տեղեկատվություն է շրջանառվել: Դրանցից ամենաաղմկահարույցը 2007թ. մայիսի 20–ին Գյումրու Տերյան փողոցում տեղի ունեցած կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքն է՝ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տղաների ու Սպարտակ Ղուկասյանի և իր կողմնակիցների միջև:
Այդ նույն օրը անհետացել էր մեկ երեխա, որի դին ամիսներ անց գտնվեց տնակի մեջ: Դատաբժշկական եզրակացությամբ՝ երեխան զոհվել էր պայթած նռնակից:
Այդ ժամանակ Սպարտակ Ղուկասյանը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերի հատկանիշներով առաջադրված մեղադրանքով՝ «մի քանի անձանց կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով»: Սակայն 2007-ին նա վաղաժամկետ ազատվեց:










