Ուելսի սուպերմարկետի տերերը ոստիկանություն են կանչել դժգոհ հաճախորդներին հանգստացնելու համար
Ուելսի Ռեկսեմ քաղաքի սուպերմարկետներից մեկը որոշել է փակվելուց առաջ ապրանքների հսկայական զեղչ-վաճառք կազմակերպել, գրում է rt.com-ը՝ հղում անելով MailOnline-ին:
Գներն իջեցվել են կրկնակի: Հարյուրավոր բնակիչներ հավաքվել են խանութի դռների մոտ շահավետ գնումներ անելու նպատակով, սակայն ժամեր անց հայտարարված զեղչը դադարեցվել է:
Տերերի խոսքերով՝ նրանք մտափոխվել են խանութը փակելու հարցում: Սակայն գնորդները, որոնք արդեն մի քանի ժամ հերթ էին կանգնել, չեն ցանկացել դատարկ ձեռքով հեռանալ: Նրանք պահանջել են շարունակել զեղչերը:
Սուպերմարկետի անձնակազմը ոչ մի կերպ չի կարողացել հանգստացնել մարդկանց, այդ պատճառով նրանք ստիպված են եղել ոստիկանություն կանչել: Իրավապահները ստիպված են եղել արգելափակել դռները՝ մարդկանց ներս չթողնելու համար: Գնորդները հանգստացել են միայն այն բանից հետո, երբ խանութի սեփականատերը հայտարարել է, որ նրանք կարող են անհրաժեշտ ապրանքները ձեռք բերել «գնիր մեկը և ստացիր երկրորդը որպես նվեր» ակցիայով:
Երբ հաճախորդները հեռացել են սուպերմարկետից, աշխատակիցներն անմիջապես հանել են նախկին ակցիայի գովազդային պաստառները, և խանութը կրկին վերաբացվել է ապրանքների նախկին գնով:










