Տնօրեն Կարեն Արիստակեսյանը ապատեղեկատվություն է տարածում. թանգարանի նախկին աշխատակից
«Հայոց ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պատմության թանգարանի» տնօրեն Կարեն Արիստակեսյանը ոչ ճիշտ տեղեկատվություն է հաղորդում լրատվամիջոցներին թանգարանում կատարված աշխատանքների մասին և չի կարողանում ապահովել աշխատանքային մթնոլորտ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին թանգարանի նախկին երկու աշխատակիցներ՝ գիտական բաժնի նախկին վարիչ Սուսաննա Մելիքյանը և պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանը, ով երկար տարիներ տարբեր բաժիններ է ղեկավարել թանգարանում:
Վերջինս նշեց, որ Կարեն Արիստակեսյանը հունվարի 25-ին տված իր հարցազրույցներից մեկում ասել է, թե իր ղեկավարման տարիներին առաջին անգամ թանգարանում կատարվել են թանկարժեք մետաղների հարգորոշման աշխատանքներ, առաջին անգամ թանգարանի ուղեցույցն է հրատարակվել, թանգարանն իր պատմության մեջ առաջին անգամ գրանցել է 25.000 այցելու և այլն:
«Մինչդեռ միայն 1978-1991-ին կազմակերպվել են շուրջ 30 գիտական արշավներ, 35 ժամանակավոր ցուցադրություններ են եղել բացի հիմնականից, թանկարժեք մետաղների հարգորոշումը կատարվել է սկսած 1982թ-ից: 2005-ին հրատարակվել է նոր ազգագրական հանդեսի առաջին համարը: Եղել են տարիներ, երբ 150.000 այցելու ենք ունեցել, 25.000 թիվ չէ: Ստացվում է, որ տնօրենի այս հայտարարություններում ճշմարտության հատիկ չկա այն առումով, որ նախորդ տարիներին անհամեմատ ավելի ակտիվ ու գործնական է եղել թանգարանը»,-ասաց նա:
Սուսաննա Մելիքյանն իր հերթին ընդգծեց, որ հենց Կարեն Արիստակեսյանի ղեկավարման տարիներին թանգարանային ֆոնդի վիճակը վատթարացել է:
«Վիճակը վատթարացավ այն պատճառով, որ գորգերը տեղափոխվեցին երկրորդ հարկ և երեք տարի մնացին այդպես: Պատճառն այն է, որ նա այդպես էլ չգտավ հարմար մարդ, որին կարելի էր վստահել այդ գորգերի հետ կապված հարցերը: Նա ոչ մեկին չի վստահում և շատ վատ վերաբերմունք ունի գիտաշխատողների նկատմամբ»,-ասաց նա:
Ավելին՝ Սուսաննա Մելիքյանը տեղեկացրեց, որ տնօրենն իրեն օգնական է նշանակել այդ պահին տասնամյա կրթություն ունեցող և գիտական ոլորտի հետ որևէ կերպ չառնչվող Վարդիկ Չարչյանին:
«Նա գեղեցիկ, շատ բարետես աղջիկ է, որը ստանում է թանգարանի համար բավական բարձր աշխատավարձ, գոնե մինչև 2012թ-ը, երբ ես դեռ աշխատում էի այնտեղ»,-ասաց նա:
Աշխունջ Պողոսյանը նաև նշեց, որ ներկայումս թանգարանը պատկանում է Պաշտպանության նախարարությանը, ինչն անթույլատրելի է:
«Թանգարանը պետք է գործի առնվազն Մշակույթի նախարարության հոգածության ներքո, բայց ավելի ճիշտ կլիներ, եթե դառնար Գիտությունների ազգային ակադեմիայի մասը, քանի որ այստեղ մարդիկ նաև գիտությամբ են զբաղվում»,-ասաց Աշխունջ Պողոսյանը:










