«Կուտակայինի» օրենքը հակասահմանադրական ճանաչելը կնշանակի տանել Կառավարության ոտքի տակի հողը. Անահիտ Բախշյան

12:56 • 29.01.14

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման մասին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանն այսօր կայացած ասուլիսին կարծիք հայտնեց, թե ՍԴ-ն ստիպված էր ինչ-որ վճիռ կայացնել, ուստի ընդամենը երկու ամսով կասեցրեց օրենքի որոշ դրույթների կիրարկումը:


«Կառավարությունն արդեն լուրջ հաշվարկ ունի այդ գումարների հեռանկարների հետ, նկատի ունի, որ այդպիսի գումարներ լինելու են, հենց դա ինձ հուշում է ասել, որ ՍԴ-ն դժվար թե հակասահմանադրական ճանաչի։ Դա նշանակում է, որ ինքը Կառավարության ոտքի տակի հողն է տանում»,- ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ Կառավարությունը Նախագահին վստահեցրել է, որ պարտադիր կուտակայինը շատ շահեկան համակարգ է, մինչդեռ Նախագահի ընտանիքի և Կառավարության ոչ մի անդամ օրենքի կամավոր մասով մուծում չի արել մինչ այժմ. «Իրենք այդ կամավոր մասին տեր չեղան, հետևաբար իրենք էլ չունեն վստահություն, որ այդ գումարները հետ կստանան»:


Անահիտ Բախշյանի համոզմամբ՝ կուտակայինի գործարկմամբ «ատկատը» դառնում է տնտեսության հիմք:


Իսկ թե ինչու հասարակությունը ոտքի չի կանգնում և պայքարում օրենքի դեմ, բանախոսը պատասխանեց. «Առաջին հերթին, բացի այն խմբից, որոնք դեմ առ դեմ պայքարում են, մնացածներն իրենք իրենց չեն հավատում, որովհետև ամեն մեկն իր ներսում հիշում է, թե ընտրությունը ոնց է արել, և միգուցե խիղճը տանջում է, միգուցե գումար է վերցրել ընտրության համար... Վստահությունը զրո է, հասարակությունն ինքն իրեն էլ չի հավատում, տեսնում է՝ ով խոսել է, հայտնվել է բանտում: Վախեցնելու այս ձեռագիրը, իհարկե, արդեն սպառել է իրեն, որովհետև բավարար չէ, որ լռեցնեն մարդկանց, բայց մարդիկ էլ արդեն հոգնել են»:


Նա նաև ասաց, որ «Դ!եմ եմ» շարժումը պետք է համալրվի, միասնությունը պետք է նկատելի ու ազդեցիկ դառնա: