Սիրիական ընդդիմությունը գոհ է «Ժնև-2»-ի ընթացքից. քննարկվում է անցումային կառավարության հարցը

18:27 • 29.01.14

Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված «Ժնև-2» համաժողովի ընթացքում առաջընթաց է գրանցվել։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Սիրիայի կոալիցիոն և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին, հավելելով, որ սկսվել է քննարկումն անցումային կառավարություն ստեղծելու շուրջ։

 

«Մեզ թվում է, որ կառավարական թիմն այսօր ավելի պատրաստ է բանակցային գործընթացին և ավելի բաց է այդ թեման քննարկելու համար, սակայն շարունակում է նաև պնդել ահաբեկչության թեման քննարկելու հարցում»,-ասել է Սաֆին։

 

Հիշեցնենք, որ շաբաթ օրը սիրիական հակամարտության կողմերը Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում հանդիպել էին 3 տարվա մեջ առաջին անգամ։ Բանակցությունների երկրորդ ռաունդը մեկնարկել է կիրակի։

 

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է շարունակել քննարկումները «Ժնև-2»-ի շրջանակներում։ «Մենք դրական ենք տրամադրված և շուտ դուրս չենք գա այս գործընթացից։ Մենք կփորձենք անել հնարավորը, որպեսզի չհիասթափեցնենք մեր ժողովրդին։ Մենք մտադիր ենք շարունակել քննարկումները Սիրիայի համար լուծում գտնելու ուղղությամբ»,-ասել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը։