Չինաստանի մանկապարտեզներում և դպրոցներում արգելել են ծխելը
Չինական իշխանությունները մանկապարտեզներում, նախակրթարաններում և դպրոցներում, ինչպես նաև ուսումնարաններում արգելել են ծխելը, տեղեկացնում է Lenta.ru- ն։
Այդ ուսումնական հաստատություններում հատուկ նշաններ են հայտնվելու, որոնք զգուշացնելու են ծխելու արգելքի մասին։ Այնտեղ արգելված է լինելու նաև ծխողների համար նախատեսված սենյակներ առանձնացնելը։
Բացի այդ, դպրոցները վարձելու են հատուկ տեսուչի, որը պետք է հետևի նոր օրենքի իրագործմանն ու ուսուցիչներին և ուսանողներին գնահատականներ նշանակի։
Դպրոցների և մանկապարտեզների ղեկավարները չպետք է հովանավորվեն ծխախոտային բրենդների կողմից և տեղադրեն նրանց գովազդները։ Ուսումնական հաստատությունների տարածքում գտնվող խանութներն այսուհետ չեն կարողանա ծխախոտ վաճառել։
Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին, այնտեղ ևս ծխելու արգելք է գործելու, սակայն բուհերին թույլատրվում է ստեղծել բացօթյա հարթակներ ծխողների համար։










