Աշխարհի ամեն 10 բնակչից միայն 4-ն է իրեն երջանիկ համարում իր երկրում. Gallup International
Gallup International անկախ հետազոտող ընկերությունների ասոցիացիայի իրականացրած գլոբալ հարցման արդյունքները ցույց են տվել, որ մոլորակի ամեն 10 բնակչից միայն 4-ն է իրեն երջանիկ համարում՝ շարունակելով ապրել իր հայրենիքում:
Ինչպես հայտնում է korrespondent.net–ը՝ հարցմանը մասնակցած մարդկանց միայն 38 տոկոսն է ասել, որ երջանիկ է իր երկրում ապրելով և չի ցանկանում որևէ բան փոխել: Առաջատար երկրների շարքում, որտեղ մարդիկ կցանկանային ապրել, հայտնվել են ԱՄՆ-ն (9 տոկոս ձայնով), Կանադան և Ավստրալիան (7 տոկոս ձայնով):
Իսկ Մերձավոր Արևելքի բնակիչներին ավելի շատ գրավում է Սաուդյան Արաբիան (7 տոկոսով), Արաբական Միացյալ Էմիրությունները (4 տոկոսով):
Իրենց հայրենի երկրում ապրելակերպից ամենից հաճախ բողոքում են այն երկրների բնակիչները, որտեղ վերջին ժամանակներում պատերազմներ, ազգամիջյան բախումներ կամ տնտեսական ճգնաժամեր են տեղի ունեցել: Հայրենիքում երջանիկ ապրող մարդկանց ամենացածր ցուցանիշը գրանցվել է Աֆղանստանում՝ 21 տոկոս, որին հետևել են Մեքսիկան (28 տոկոս), Լեհաստանը (28 տոկոս), Սերբիան (27 տոկոս), Չինաստանը (26 տոկոս) և Ուկրաինան (22 տոկոս):
Իրենց երկրից գոհ մարդկանց ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թայլանդում (73 տոկոս), Ավստրալիայում (66 տոկոս), Դանիայում (54 տոկոս), Բրազիլիայում և Ֆինլանդիայում (53 տոկոս):










