Մինչ Սևանում իշխանի պաշարների վերականգման ծրագրի մեկնարկը փորձաքննություն իրականացնելու համար 8.4 մլն դրամ կհատկացվի
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» անկախ տնտեսագիտական փորձաքննություն իրականացնելու համար վաղը Կառավարության հաստատմանը կներկայացվի որոշման նախագիծ, համաձայն որի 2014 թ-ի առաջին եռամսյակում Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի 8.4 մլն ՀՀ դրամ կամ ավելի քան 20 հազ. ԱՄն դոլար:
Ըստ որոշման նախագծի` գումարը նախարարությանը պետք է տրամադրվի 2014 թ-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով էկոնոմիկայի նախարարը դրամաշնորհային պայմանագիր պետք է կնքի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ:
Նշենք, որ ՀՀ Կառավարությունը դեռևս նախորդ տարի հաստատել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագիրը», որով նախատեսվում է առաջիկա 10 տարիների ընթացքում Սևանա լճում տեղադրվող ցանցավանդակային տնտեսություններում իրականացնել առնվազն 50000 տոննա Սևանի իշխանի էկոլոգիապես կայուն արտադրություն:
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է անցկացնել անկախ տնտեսագիտական փորձաքննություն:










