Կիևում գրավված նախարարության շենքում կրակոցներ են սկսվել. ցուցարարները լքում են շենքը (թարմացված)

14:55 • 29.01.14

15.40 Ակտիվիստները, որոնք գրավել էին Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարության շենքը, հեռանում են այնտեղից:

 

Նախարարությունը դրսից շղթայված է Մայդանի ինքնապաշտպանության ուժերով, հաղորդում է aif.ua-ն: Անվտանգության աշխատակիցները թույլ են տալիս «Ընդհանուր գործ» շարժման ակտիվիստներին ներս մտնել, որպեսզի նրանք վերցնեն իրենց իրերը: Մարդկանց մի մասին արդեն որոշել են տեղափոխել Ուկրաինական տուն, իսկ մյուս մասին՝ Կիևի քաղաքային վարչակազմի շենք:

 

Շենք են կանչվել նախարարության ներկայացուցիչները, որպեսզի նրանց փոխանցեն շենքը: Բացատրություններ են գնում «Ազատության» և «Ընդհանուր գործի» ներկայացուցիչների միջև. ինչպես պարզվում է՝ նախարարությունում կրակոցները սկսվել են այն պատճառով, որ ակտիվիստներին ժամանակին չեն տեղեկացրել Ագրարային քաղաքականության նախարարության շենքը պաշտոնյաների հսկողությանը հանձնելու որոշման մասին:

 

Ակտիվիստների խոսքերով՝ իրենք հաստատված տվյալներ ունեն այն մասին, որ մեկ մարդ հոսպիտալացվել է: Ընդհանուր առմամբ, շենքից դուրս է բերվել մոտ 6 վիրավոր:
 

 


14.55  Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարության շենքում, որը վերջերս գրավել էին ընդդիմության ակտիվիստները, փոխհրաձգություն է սկսվել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Aif.ua-ին:

 

«Շենքում կրակոցներ են հնչում, նռնակներ են թռչում: Մարդկանց խումբը, որը փորձում է ներս մտնել, հայտարարում է, որ իրենց մոտ կա շենքն ազատելու մասին պատգամավորական որոշում»,- փոխանցում է կայքի լրագրողը։

 

Շենքից փորձում են հեռացնել «Ընդհանուր գործ» շարժման ակտիվիստներին, որոնք գրավել էին շենքը նախորդ շաբաթ:

 

Թե կոնկրետ ինչ զենք է օգտագործվում, չի հստակեցվում:

 

Տեղական ժամանակով կեսօրի տվյալներով (երևանյան ժամանակով՝ ժամը 14.00-ին)՝ շենքից սկսել են դուրս բերել վիրավորներին: Լրագրողներին թույլ չեն տալիս ներս մտնել: