Շումախերի մենեջերը հերքել է ավտոարշավորդին արհեստական կոմայից դուրս բերելու մասին լուրերը

18:12 • 29.01.14

Հայտնի ավտոարշավորդ Միխայել Շումախերի մենեջերը հերքել է արհեստական կոմայից, որի մեջ նա գտնվում է 2013 թվականի դեկտեմբերի 29-ից, նրան աստիճանաբար դուրս բերելու մասին տեղեկությունը, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով AFP-ին:

 

«Միխայելի առողջական վիճակի մասին բոլոր հայտարարությունները, որոնք ստացվում են ոչ բժիշկներից, ովքեր զբաղվում են նրա բուժմամբ, և ոչ ինձանից անձամբ, ենթադրություններ են, և մենք չենք պատրաստվում դրանք մեկնաբանել»,- ընդգծել է Սաբինա Կեմը: Վերջին անգամ նա ավտոարշավորդի առողջական վիճակի մասին պաշտոնական տվյալներ է ներկայացրել հունվարի 17-ին:

 

Բժշկական եզրակացության համաձայն՝ Շումախերի վիճակը նկարագրվում է որպես «կայուն», սակայն արդեն «ծայրահեղ» չէ:

 

Ավելի վաղ ֆրանսիական «Էկիպ» մարզական թերթը, չվկայակոչելով կոնկրետ աղբյուրների, հաղորդել էր, որ գերմանացի ավտոարշավորդը «մտել է աստիճանական արթնացման փուլ»: