ԱՄՆ-ի 6 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակային պայմանների պատճառով
ԱՄՆ-ի Ալաբամա, Միսիսիպի, Լուիզիանա, Ջորջիա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգների իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել վատ եղանակային պայմանների՝ ուժեղ ձնաբքի, մերկասառույցի և խիտ մառախուղի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ առավել դժվարին կացություն է տիրում Ալաբամայում և Ջորջիայում, որտեղ նախօրեին ավելի քան 5000 դպրոցականներ ստիպված են եղել գիշերն անցկացնել ուսումնական հաստատություններում, քանի որ երթևեկությունը մայրուղիներում կաթվածահար էր եղել:
CNN-ի հաղորդմամբ՝ տասնյակ երեխաներ, որոնց տուն էին տանում ավտոբուսներով, գիշերել են հենց ավտոբուսներում: Ներկա պահին այս նահանգներում ճանապարհային երթևեկությունն ամբողջովին կաթվածահար վիճակում է: Միայն Ջորջիա նահանգում շուրջ 1000 ՃՏՊ է գրանցվել, որոնց հետևանքով մեկ մարդ զոհվել է, 104-ը՝ վիրավորվել:










