Իրավապահ մարմինները հանցավոր անգործության են մատնված. Կարո Եղնուկյան

13:21 • 30.01.14

Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը ու իր փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին, որ իրավապահ մարմինները հանցավոր անգործության են մատնված Կարո Եղնուկյանի գործով՝ կապված Երևանի «Ծածկած շուկայի» վրա փակցված պաստառի, ինչպես նաև նրա մեքենային վնաս հասցնելու հետ:


Փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացմամբ՝ «Ծածկած շուկայի» ակցիաների ժամանակ ամենաերևացող տեղում փակցվել էր Կարո Եղնուկյանի նկարը, որով խտրականություն, ատելություն էր քարոզվում, վրան գրված էր՝ «Ոչ օտարերկրյա լրտեսներին»:


Փաստաբանը հիշեցրեց, որ վնասել էին նաև նրա ավտոմեքենայի բոլոր անվադողերը, որը, ըստ նրա, ահազանգ էր, որ կարող են նաև Կարո Եղնուկյանին վնասել, իսկ ակցիայի ժամանակ էլ բոլոր անդամները ծաղր ու ծանակի էին ենթարկվում:


«Մեկ ուրիշ հաղորդում պատրաստվեց հանցագործության մասին, որով բռնություն է հրահրվում Եղնուկյանի նկատմամբ: Մեր հաղորդումներն ուղարկվեցին կենտրոնի ոստիկանական բաժին, բայց Հատուկ քննչական ծառայությունը պետք է քններ այդ գործը: Գլխավոր դատախազը գործն ուղարկեց Երևանի դատախազին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա արհամարհանք է արդարադատության նկատմամբ:


Վերջինիս խոսքով՝ Կարո Եղնուկյանը դիմել էր՝ խնդրանքով, որ իր և իր ընտանիքի անդամներին պաշտպանեն, սակայն մերժվել էր: Դրանից հետո անմիջապես նրա նկատմամբ երկու բռնություն է եղել, քննիչը մերժել է նաև երկրորդ միջնորդությունը։


Կարո Եղնուկյանի գործով այս պահին երեք հայց է ներկայացվել: «Արդարադատություն պետք է իրականացնեն դատարանները, սակայն վախենում են քննիչից նյութեր ուզել: Ըստ էության, դատարանները արդարադատություն չեն իրականացնում»,- ասաց փաստաբանը:


Կարո Եղնուկյանն էլ ասաց, որ երբ իր մեքենան վնասողին հարցնեն, թե ինչու է նման բան արել, նա պետք է ասի, որ պաստառին տեսել է իր նկարը, ատելություն է առաջացել իր մեջ և ծակել է անվադողերը:


«Կամ պետք է ասի՝ ինձ հանձնարարել են կամ էլ ուղղակի գույնը չեմ հավանել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանն այդ պաստառով ատելություն սերմանեց իր անձի նկատմամբ, որի հետևանքով եղավ բռնության:


Նրա կարծիքով՝ իրավապահ մարմիններն իր գործի հետ կապված կծիկը չեն ուզում քննել և քանդել, քանի որ այն տանում է դեպի Սամվել Ալեքսանյանը: