Ամերիկացի պաշտոնյան հերքել է տեղեկությունը, թե Օբաման Էրդողանի զանգերին չի պատասխանում
ԱՄՆ-ն ապագայում ևս աջակցելու է Թուրքիային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, նա նշել է, որ Անկարան և Վաշինգտոնը դաշնակիցներ են, և նրանց կապում է սերտ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։
Մեկնաբանելով տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պատասխանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազանգերին՝ Ռոդսը նշել է, որ Էրդողանն ու Օբաման ակտիվ հեռախոսազրույցներ են ունենում։
«Թուրքիան ժողովրդավար երկիր է և ՆԱՏՕ-ի անդամ։ Վաշինգտոնը չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին և մտադիր չէ խառնվել նաև ապագայում»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը ևս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին։










