Հնդկաստանում հողային վեճի պատճառով 10 հոգի է սպանվել
Հնդկաստանում երկու հարևան նահանգների բնակիչների միջև առաջացած հողային վեճի պատճառով առնվազն 10 մարդ է զոհվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ։ Արունաչալ-Պրադեշ նահանգի զինված բնակիչները հարձակվել են Ասսամ նահանգի՝ ջունգլիներում գտնվող Չաոլդհով բնակավայրի վրա։ Սպանվել է առնվազն 10, վիրավորվել՝ 12 մարդ։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները մոտ 100 կրակոց են արձակել։
Ոստիկանությունը հաղորդում է, որ զանգվածային սպանությունը տեղի է ունեցել երկու նահանգների սահմանին գտնվող անտառի պատճառով երկար ժամանակ շարունակվող հակամարտությունից հետո։
Իրավապահները լրացուցիչ ուժեր են ուղարկել ողբերգության վայր։
Հնդկաստանի հյուսիս-արևելքում հաճախ բախումներ և սպանություններ են տեղի ունենում միջկրոնական թշնամության, հողային վեճերի պատճառով։










