Կիևում վիրավորված ցուցարարը մահացել է հիվանդանոցում. ԶԼՄ-ներ

09:59 • 30.01.14

Կիևի Գրուշևսկու փողոցից հրազենային վնասվածքներով հոսպիտալացված ակտիվիստը երեկ երեկոյան մահացել է հիվանդանոցում, տեղեկացնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցների, որոնք էլ՝ իրենց աղբյուրին։

 

Կիևի քաղաքային խորհրդի 7-րդ գումարման պատգամավոր, ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցությունից Ալեքսանդր Դավիդենկոն հաղորդել է, որ հրազենից վիրավորվել է երկու ակտիվիստ՝ մի երիտասարդ և տարիքով ավելի մեծ մի տղամարդ։ Հենց վերջինս էլ մահացել է հիվանդանոցում։

 

Կուսակցականը տեղի ունեցածի համար մեղադրել է երկրի իշխանությանը։ «Մի կողմից իշխանությունն ասում է, թե բանակցում է իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, իսկ մյուս կողմից կրակում է ցուցարարների վրա։ Մենք ուժայիններից պահանջում ենք դադարեցնել մարդկանց դեմ զենք կիրառելն այն ժամանակ, երբ բոլոր կողմերը փորձում են հակամարտությունից դուրս գալու ելք գտնել»,-հայտարարել է Դավիդենկոն։

 

Ուկրաինայի ՆԳՆ-ն հերքել է Գրուշևսկու փողոցից երկու ակտիվիստների հոսպիտալացման վերաբերյալ տեղեկությունը։